Մարդու իրավունքների պաշտպանի առաջնահերթ ուշադրության արժանի հարցերից են փաստաբանի կարգավիճակն ու նրա դերի ճիշտ ընկալումը հասարակությունում։ Այս մասին հաղորդագրություն է տարածել Մարդու իրավունքների պաշտպանի գրասենյակը:

Հաղորդագրությունում ասվում է.

«Փաստաբանի պաշտպանված մասնագիտական գործունեությունը երկրում մարդու իրավունքների պաշտպանության համակարգը պայմանավորող գործոններից է:

Սոցիալական ցանցերի վերջին ժամանակահատվածի նպատակային դիտարկումը վկայում է, որ հաճախակի են դարձել դեպքերը, երբ մասնագիտական աշխատանք կատարող փաստաբանը նույնացվում է իր վստահորդի հետ։

Մասնավորապես, սոցիալական մեդիայում արձանագրվում են վիրավորանք ու նույնիսկ սպառնալիք պարունակող մեկնաբանություններ։ Ագրեսիվություն է նկատվում հատկապես այն մեկնաբանություններում, որոնք արվում են առերեւույթ կեղծ օգտատերերի կոմից։  Սրան գումարվում է նաեւ այն, որ ներկայում ակնհայտորեն բարձր է սոցիալական ցանցերում ընդգրկված քաղաքացիների թիվը։

Արձանագրվող միտումն այն է, որ նշված մեկնաբանությունները, այդ թվում՝ փաստաբանների նկատմամբ վերաբերմունքը պայմանավորված է նրանց վստահորդների անձով ու այդ անձանց վերաբերյալ հասարակական բացասական ընկալումներով։ Այս միտումը վտանգավոր է, քանի որ կարող է հանգեցնել արդար դատաքննության հիմնարար սկզբունքների խախտման։

Այն խոչընդոտում է փաստաբանության ամրապնդմանը, իսկ լիարժեք պաշտպանված ու անկախ փաստաբանության բացակայությունը վտանգում է արդարադատության եւ, հետեւաբար, մարդու իրավունքների պաշտպանության համակարգը երկրում:

Իրականում, փաստաբանի մասնագիտական աշխատանքն արդարադատության գործընթացի անբաժան մասն է: Առանց այդ աշխատանքի հնարավոր չէ ունենալ իրավունքի գերակայության վրա հիմնված արդարադատություն: Որքան պաշտպանված ու անկախ է փաստաբանը, այնքան բարձր է որակյալ արդարադատության երաշխիքը։ Պետք է նկատի ունենալ նաեւ, որ փաստաբանի արդյունավետ աշխատանքի գրավականներից է նրա հանրային բարձր հեղինակությունը, որին փաստաբանը հասնում է բարդ աշխատանքով։

Փաստաբանը ներկայացնում ու պաշտպանում է անձի, ում պետությունը կասկածում կամ մեղադրում է կոնկրետ, բայց ենթադրյալ հանցանքի կատարման մեջ։ Փաստաբանի առաքելությունն է այդ անձի համար քրեական վարույթի ընթացքում ապահովել որակյալ իրավաբանական օգնություն, իրավական պատշաճ պաշտպանություն մեղադրանքից։   Սա որեւէ կերպ չի նշանակում, թե փաստաբանն արդարացնում է հանցագործությունները կամ ապահովում անպատժելիություն։

Փաստաբանի գործունեությունն ուղղված է հնարավոր ապօրինի հետապնդումից կամ ապօրինի ազատազրկումից յուրաքանչյուրի պաշտպանությանը։

Սա է ժողովրդավարական ու իրավական պետության հիմնարար ցուցիչներից մեկը։

Ուստի, հարկ եմ համարում կրկին ընդգծել, որ չափազանց կարեւոր է հասարակությունում փաստաբանի աշխատանքի վերաբերյալ իրավական ճիշտ մշակույթի ու ընկալումների արմատավորումը: Մասնագիտական աշխատանք կատարող փաստաբանին պետք է վերաբերվել նրա օրինավորության ու բարեխղճության կանխավարկածով»: