Իռլանդիայում վաճառքի են հանել 19-րդ դարի կեսերի Գոսֆորդ պատմական ամրոցի մի մասը, որում նկարահանվել է «Գահերի խաղը» սերիալը: Ռիկարդ Քարսթարքի մահապատժի տեսարանից հայտնի անշարժ գույքի համար 656 հազար դոլար են պահանջում:
Հայտնի սերիալի սյուժեի համաձայն՝ հենց այս ամրոցի պատերի տակ է Ռոբ Սթարքը մահապատժի ենթարկում Քարսթարքին: Այս շքեղ շինության ներքում 6 բազմամակարդակ բնակարան կա, հաղորդում է Newsru-ն՝ վկայակոչելով Travel and Leisure-ը:
Մինչեւ 1921 թվականն այս ամրոցի տերերը եղել են Գոսֆորդ կոմսերը, իսկ Երկրորդ աշխարհամարտի տարիներին այստեղ զինվորականների են տեղակայել: Պատերազմից հետո ամրոցը հյուրանոցի է վերածվել: Վերջին տարիներին «Գահերի խաղը» սերիալի հանրաճանաչության շնորհիվ ամրոցը հաճախ զբոսաշրջիկների է հյուրընկալում:



























