Կանադայի ԱԳ նախարարությունը դեռեւս չի մեկնաբանում Սաուդյան Արաբիայից իր դեսպանի արտաքսման հետ կապված իրավիճակը: Այս մասին կիրակի ՏԱՍՍ-ի թղթակցին հայտնել է գերատեսչության մամուլի քարտուղար Մարի-Պիեռ Բերիլը:

Ավելի վաղ հայտնի էր դարձել, որ Սաուդյան Արաբիայի ԱԳՆ-ն թագավորությունում Կանադայի դեսպանին մեկ օր է տրամադրել երկրից հեռանալու համար: Էր Ռիադը նման քայլի է դիմել թագավորությունում կալանավորված քաղաքացիական ակտիվիստներին ազատելու Օտավայի կոչից հետո:

Օգոստոսի 3-ին Կանադայի ԱԳՆ-ն մտահոգություն էր հայտնել Սաուդյան Արաբիայում քաղաքացիական ակտիվիստների կալանավորման պատճառով եւ պահանջել նրանց անմիջապես ազատել: «Մենք խորապես անհանգստացած ենք քաղաքացիական ակտիվիստների եւ Սաուդյան Արաբիայում կանանց իրավունքների համար պայքարողների, ներառյալ Սամար Բադաուիի կալանավորմամբ: Մենք Սաուդյան Արաբիայի իշխանություններից պահանջում ենք անմիջապես ազատել նրանց եւ մարդու իրավունքների համար մյուս խաղաղ պայքարողներին»,- նշված է Կանադայի ԱԳՆ Twitter-ում հրապարակված հաղորդագրության մեջ:

«Կանադայի դիրքորոշումը բացահայտ միջամտություն է թագավորության ներքին գործերին, հակասում է միջազգային իրավունքի հիմունքներին եւ պետությունների միջեւ հարաբերությունները կարգավորող բոլոր համաձայնություններին»,- երկուշաբթի Մամուլի սաուդյան գործակալությունը մեջբերել է երկրի ԱԳՆ հայտարարությունը:

Հայտարարության մեջ նշված է, որ Էր Ռիադը Կանադայում իր դեսպանին հետ է կանչում խորհրդակցության համար, Կանադայի դիվանագիտական առաքելության ղեկավարին անցանկալի անձ է հայտարարում եւ «կասեցնում է Կանադայի հետ նոր առեւտրային ու ֆինանսական գործարքները»: