Հաիթիի նախագահ Ժովենել Մոիզը կիրակի երկրի վարչապետի պաշտոնում առաջադրել է 61-ամյա քաղաքական գործիչ եւ նոտար Ժան Անրի Սեանի թեկնածությունը, փոխանցում է «ՏԱՍՍ»-ը:
«Երկու խորհրդարանների նախագահների հետ խորհրդակցությունների արդյունքում որպես նոր վարչապետ ընտրել եմ քաղաքացի Ժան Անրի Սեանին»,- գրել է Մոիզն իր Twitter-ում: Այժմ այս թեկնածությունը պետք է հաստատվի խորհրդարանի կողմից:
Սեանը մասնակցել է նախագահական ընտրություններին 2016 թվականին եւ ստացել ձայների 0.75 տոկոսը:
Հաիթիի նախկին վարչապետ Ժակ Գի Լաֆոնտանը կառավարության մյուս անդամների հետ միասին հրաժարական էր տվել հուլիսի 14-ին՝ երկրում տեղի ունեցած անկարգությունների հետեւանքով, որոնց համար պատճառ էր հանդիսացել իշխանությունների՝ ավտոմոբիլային տրանսպորտի համար վառելիքի գների կտրուկ բարձրացման մասին որոշումը:





























