Մենք հավաքվել ենք կույրերի իրավունքները պաշտպանելու համար։ Այս մասին այսօր՝ օգոստոսի 6-ին, տեսողական խանգարումներ ունեցող անձանց կողմից իրականացվող բողոքի ակցիայի ժամանակ նշեց նախաձեռնող խմբի անդամներից մեկը։
«Մի քանի հոգի, կազմելով վարչության խորհուրդ, Կույրերի միավորումը իրենց ձեռքն են վերցրել։ Մենք օգոստոսի 1-ին գրավոր պահանջել էինք նախագահական խորհրդի կազմի հրաժարականը, սակայն հրաժարական տվեց 91-ամյա նախագահը։ Հիմա մեր պահանջն է, որ ընդհանուր կազմը հրաժարական տա, որ նոր շունչ ու թարմություն մտնի միավորում։ Ներկայիս նախագահական կազմի միջին տարիքը 80 եւ ավելին է, այսինքն նրանք լճացում են առաջացրել, վերջին տարիներին ոչ մի դրական տեղաշարժ չի կատարվել տեսողությանյ խնդիրներ ունեցողների կյանքում»,– նշեց նա։
Նախաձեռնող խմբի անդամը պնդում է՝ ղեկավար կազմը համոզված է, որ իրենց հրաժարականով միավորումը կաթվածահար կլինի։ Սակայն ցուցարարները հակառակն են պնդում, նշում են, որ նրանց կողմից միավորումը ղեկավարելու պարագայում միավորումը կաթվածահար կլինի։
Նախաձեռնող խմբի պատասխանատու Արիստակես Մարգարյանն էլ համոզված է՝ իրենց պայքարի արդյունքում նախագահը հրաժարական տվեց, իսկ հիմա պայքարելու են, որ ղեկավար կազմը հրաժարական տա. «Իրենք անում են այն, ինչ ուզում են, մեզ հետ երկխոսության մեջ չեն մտնում։ Մենք գնալու ենք մինչեւ վերջ, մինչեւ համագումար եւ նոր կազմի ընտրություններ։ 5 տարի առաջ է եղել ընտրությունները, սակայն որեւէ հաշվետվություն չի ներկայացվել։ ՀԿՄ անդամների 1000–ական դրամ նպաստները տարիներով չեն վճարվում, նրանք այդ գումարները յուրացրել են։ Շենքերի վարձակալությունից գումարներ են գրպանել»։
Նախաձեռնող խմբի անդամները պնդում են՝ ՀԿՄ ղեկավարությունը կապված է եղել նախորդ իշխանությունների հետ։ «Նոր իշխանությունները, իրավապահ մարմինները կոռուպցիոն սխեմաների բացահայտումների հետ մեկտեղ պետք է ուշադրություն դարձնեն ՀԿՄ–ին, կույրերի միավորումների կողմից նույնիսկ ամսական 1000–ական դրամները չեն ստանում, մինչեւդեռ նախկին սոցապ նախարար Արտեմ Ասատրյանը 2017 թվականի վերջին կառավարության նիստում հայտարարել է միավորմանը 51 600 000 դրամ ՀԿՄ–ին հատկացնելու մասին»,–նշեց նրանցից
Տեսողական խանգարումներ ունեցող անձինք շարժվեցին դեպի ՀՀ Կույրերի միավորման կենտրոնական վարչություն բողոքի ակցիան շարունակելու նպատակով։
Ցուցարարները պահանջում են 24 ժամում արտահերթ համագումար հրավիրել եւ նոր կազմ ընտրել, սակայն ՀԿՄ նախագահի պաշտոնակատար Ֆրանտ Դանիելյանը պնդում է, որ դա ըստ ՀԿՄ կանոնադրության եւ ՀԿ–ների մասին օրենքով հնարավոր չէ։ Սակայն վերջինս չկարողացավ մատնանշել այն կետը, որով արգելվում է արտահերթ համագումարի հրավիրումը։




























