Հայաստանի Հանրապետության արտակարգ իրավիճակների նախարարությունը արձագանքել է Հանրապետության հրապարակում գազի բալոնների մասին NEWS.am-ի հաղորդմանը: Ինչպես հաղորդվել էր ավելի վաղ, Հյուսիսային պողոտայում կենդանիների վաճառքի վերաբերյալ մի շարք հրապարակումներից հետո NEWS.am-ը քաղաքապետարանի ներկայացուցիչների ուշադրությունը հրավիրել է քաղաքի այս հատվածում ընդհանուր ապօրինի առեւտրի վրա:
Եվ եթե Երեւանի Կենտրոն վարչական շրջանի Առեւտրի եւ գովազդի վարչությունը դեռ չի կարողանում լուծել խնդիրը՝ դժգոհելով, որ չկա համապատասխան օրենք, որը քաղաքապետարանին թույլ կտար արգելել փողոցային առեւտուրը, մեր դեպքում խոսքը Հյուսիսային պողոտայում սանիտարական եւ քաղաքացիների անվտանգության տարրական նորմերի խախտմամբ քաղցր բամբակի վաճառքի մասին է: Ավելի քան երկու տասնյակ գազի բալոնների առկայությունն այնպիսի բազմամարդ վայրերում, ինչպիսիք են Հանրապետության հրապարակն ու Հյուսիսային Պողոտան, չի կարող անհանգստություն չառաջացնել:
NEWS.am-ի թղթակիցը զրուցեց Արտակարգ իրավիճակների նախարարության մամուլի ծառայության ղեկավար Սաթենիկ Ասիլյանի հետ, ով տեղեկացրեց, որ Արտակարգ իրավիճակների նախարարության տեսուչներն արդեն ուղեւորվել են քաղաքի կենտրոն՝ իրավիճակն ուսումնասիրելու համար: «Ընթերցելով Ձեր նյութը եւ հաշվի առնելով այն հանգամանքը, որ Հյուսիսային պողոտայում եւ Հանրապետության հրապարակում խախտվում են հրդեհային անվտանգության նորմերը, մեր տեսուչներն ուղեւորվել են տեղում իրավիճակն ուսումնասիրելու: Ավելի ուշ մենք կտեղեկացնենք մեր ստուգումների արդյունքների մասին»,- նշեց տիկին Ասիլյանը:




























