Երեւանի քաղաքապետի առաջին տեղակալ, քաղաքապետի պաշտոնակատար Կամո Արեյանը հանձնարարել է աշխատանք տանել բացօթյա ապօրինի առեւտրի կանխարգելման ուղղությամբ՝ խստագույն հսկողություն սահմանելով հատկապես Հանրապետության եւ Ազատության հրապարակների, ինչպես նաեւ Հյուսիսային պողոտայի նկատմամբ:

Երեւանի քաղաքապետարանի տեղեկատվության եւ հասարակայնության հետ կապերի վարչությունից NEWS.am-ին հայտնում են, որ քաղաքապետարանում տեղի ունեցած խորհրդակցության ժամանակ բացօթյա ապօրինի առեւտրի կանխարգելման ուղղությամբ տարվող աշխատանքների վերաբերյալ Կամո Արեյանին զեկուցվել է, որ նախորդ շաբաթվա ընթացքում կազմվել է 25 վարչական արձանագրություն:

Ոչ բավարար գնահատելով այս ուղղությամբ տարվող աշխատանքների կազմակերպումը` Կամո Արեյանը պատասխանատուներին հանձնարարել է Երեւան քաղաքի ոստիկանության հետ համատեղ հետեւողական աշխատանք տանել բացօթյա ապօրինի առեւտրի կանխարգելման ուղղությամբ՝ խստագույն հսկողություն սահմանելով հատկապես Հանրապետության եւ Ազատության հրապարակների, ինչպես նաեւ Հյուսիսային պողոտայի նկատմամբ: