Մեծ Բրիտանիայից 25-ամյա զբոսաշրջիկը Դուբայում Lamborghini Huracan է վարձել եւ չորս ժամվա ընթացքում 33 անգամ խախտել արագության ռեժիմը: Ոստիկանության տվյալներով՝ վարորդը մինչեւ 240 կմ/ժ արագություն է զարգացրել: Այս մասին հաղորդում է Motor-ը՝ վկայակոչելով The National-ը:
Saeed Ali Rent ընկերության ներկայացուցչի խոսքով՝ իրենք սկսել են խախտումների մասին ծանուցում ստանալ մեքենան վարձույթով տրամադրելու հաջորդ օրվանից: Խախտումների համար տուգանքի ընդհանուր գումարը 175 հազար դիրհամ է՝ շուրջ 3.036 մլն ռուբլի: Lamborghini Huracan-ի երկօրյա վարձույթը զբոսաշրջիկին 6 հազար դիրհամ է արժեցել (ընթացիկ փոխարժեքով՝ 104 հազար ռուբլի):
Ընկերությունը որոշել է Lamborghini-ն թողնել բրիտանացու մոտ՝ մինչեւ տուգանքների վճարման խնդրի կարգավորումը: Պատճառն այն է, որ եթե հաճախորդը մինչեւ մեքենան վերադարձնելը չի վճարում տուգանքները, խախտումների վճարման պարտականությունը փոխանցվում է ընկերությանը:



























