Գեղարքունիքի մարզի 200-ից ավելի բնակիչներն այսօր՝ օգոստոսի 7-ին, հավաքվել են Սեւան քաղաքում եւ սպառնում են փակել Երեւան-Սեւան ճանապարհը:

Shamshyan.com-ի հաղորդմամբ, բնակիչները բողոքում են, որ Սեւան այս տարի շատ քիչ հանգստացողներ կան, իսկ պատճառն էլ այն հայտարարությունն է, թե լճի ջուրը թունավորված է:

«Վերջին օրերին չգիտես որ ծալապակասի ուղեղով անցել է ու հյատարարություն է տարածել, թե իբրև Սևանի ջուրը թունավորված է և այն լողանալու համար վտանգ է ներկայացնում: Հետաքրքիր է, էդ տեղեկություններ տարածողները, ովքեր իրենց համարում են բնապահպաններ, գոնե մի անգամ եկե՞լ են այս օրերին Սևան: Երևանի իրենց կաբինետներում նստած կեղծ տեղեկություններ են տարածում, իսկ մենք հայերս էլ, ինչպես գիտենք, «մուտիլովկաներին» շուտ ենք հավատում: Եթե Սևանի ջուրը վտանգ է ներկայացնում իրենից, էդ ինչո՞ւ են Արարատյան դաշտավայրը Սևանի ջրով ոռոգում, կառավարությունը մեր թշնամի՞ն է, որ խրախուսում է թունավոր ջրով դաշտավայրը ոռոգել: Մենք պահանջում եննք, որ մարզ այցելեն տարածքային կառավարման, բնապահպանության ու առողջապահության նախարարները»,- ասել են հավաքվածները:

Բնակիչները նաեւ բողոքել են լողափերում տեղադրված զրուցարան-տաղավարների համար վճարվող հարկերից: Նրանց խոսքով, եթե նախկինում 50 հազար դրամ էին վճարում, այսօր պահանջում են 150-200 հազար: