Կանայք ավելի մտերմիկ զգացմունքային կապ են ձեւավորում իրենց տնային կատուների հետ, քան տղամարդիկ, պարզել են հունգարացի հետազոտողները, փոխանցում է «Գազետա»-ն՝ վկայակոչելով Applied Animal Behaviour Science-ը:

Լորանդ Էթվեշի համալսարանի գիտնականները հետեւել են կատուների 157 կին եւ տղամարդ տերերին եւ պարզել են, որ կանայք ավելի հաճախ են կապի մեջ մտնում իրենց տնային կենդանիների հետ, քան տղամարդիկ: Նրանք ավելի հաճախ խոսում են իրենց կամ այլոց կատուների հետ, տեղյակ են, թե ինչպիսի սնունդ է նրանց անհրաժեշտ եւ որն է արգելված, ինչպես նաեւ՝ ինչ խաղալիքներ են դուր գալիս կատուներին: Նրանք նաեւ ավելի հաճախ են ժպտում կենդանիների եւ հասկանում են նրանց զգացմունքները: Լավագույն կապը հայտնաբերվել է կանանց եւ տարեց կատուների միջեւ, իսկ ամենավատը՝ տղամարդկանց եւ երիտասարդ կենդանիների միջեւ:

Գիտնականները նպատակ էին դրել պարզել՝ կարող են արդյոք կատուները նույնքան լավ ընկերներ լինել, որքան շները. կատուների եւ մարդկանց կապն ավելի վատ է ուսումնասիրված: Աշխատության հեղինակները եզրակացրել են, որ ավելի մեծահասակ կատուների մոտ կարելի է զգացմունքային կապի ավելի տարբերվող նշաններ հայտնաբերել, իսկ կանանց հետ ավելի մտերմիկ կապը, ըստ ամենայնի, պայմանավորված է վերջիններիս ապրումակցությամբ: