Արգենտինայի Սենատը հինգշաբթի գիշերը մերժել է երկրում աբորտներն օրինականացնելու օրինագիծը, նշված է Արգենտինայի Կոնգրեսի վերին պալատի Twitter-ի պաշտոնական էջում, փոխանցում է «ՌԻԱ Նովոստի»-ն:
Այս փաստաթուղթը հունիսին ստացել էր խորհրդարանի ստորին պալատի հավանությունը: Վերին պալատի հավանությունը ստանալուց հետո այն պետք է ուղարկվեր նախագահին ստորագրելու: Պալատում կայացած քվեարկությամբ պատգամավորների ձայները փաստացի կիսվել են՝ փաստաթուղթը 129 կողմ ձայն է ստացել՝ 125 դեմի եւ մեկ ձեռնպահի պարագայում:
Ինչպես Twitter-ի իր միկրոբլոգում հայտնում է խորհրդարանի վերին պալատը, օրինագծի օգտին քվեարկել է ընդամենը 31 սենատոր, դեմ 38,2, ձեռնպահ՝ 2: Արդյունքում փաստաթուղթը մերժվել է:
Լատինական Ամերիկայում աբորտը թույլատրված է միայն Ուրուգվայում, Կուբայում եւ Գայանայում, ինչպես նաեւ Պուերտո Ռիկոյում: Մեքսիկայում հղիության կամավոր ընդհատում կարելի է կատարել միայն երկրի մայրաքաղաքում: Լատինաամերիկյան երկրների մեծ մասում աբորտի կատարումը հնարավոր է միայն բժշկական ցուցումներով: Աբորտը լիովին արգելված է Չիլիում, Սուրինամում, Սալվադորում, Հաիթիում, Հոնդուրասում, Նիկարագուայում եւ Դոմինիկյան Հանրապետությունում:



























