Երբ երկրորդ երեխայի համար 50 հազար դրամը առաջարկեցինք դարձնել 150 հազար դրամ, մեծ դիսկուրս առաջացավ, քանի որ կար տեսակետ, որ դա չի խթանում երեխաների ծնելիությունը, բայց սա հաղորդագրություն է մեր քաղաքացիներին, որ երկրորդ երեխան մեր պետության համար ռազմավարական խնդիր է: Այս մասին այսօր՝ օգոստոսի 22-ին, իր պաշտոնավարման 100 –րդ օրվա առթիվ մամուլի ասուլիսի ժամանակ նշեց Աշխատանքի եւ սոցիալական հարցերի նախարար Մանե Թանդիլյանը:
Նրա խոսքով, երբ մենք մեր հայացքը ուղղում ենք միայն 3-4 եւ ավելի երեխա ունեցողներին, մենք ըստ էության դնում ենք թիրախներ, որոնք չեն իրականացվում: «Պետությունը փաստորեն հավասարեցրել է առաջին եւ երկրորդ երեխայի կարեւորությունը, այնինչ երկրորդ երեխայի ծնունդը ունի ռազմավարական նշանակություն: Մենք հետընթաց ենք ունենալու, եթե մեր ընտանիքներում երկրորդ երեխան չծնվի: Մենք մեր նախաձեռնության միջոցով այդ հաղորդագրությունն ենք հղել բնակչությանը»,-ընդգծեց Թանդիլյանը:





























