Կաշառք վերցնելու մեղադրանքով 7 տարի ժամկետով ազատազրկման դատապարտված դատավոր Իշխան Բարսեղյանի գործով հաջորդ շաբաթ Վերաքննիչ բողոք կներկայացվի: Այս մասին NEWS.am-ին հայտնեց Իշխան Բարսեղյանի փաստաբան Վարդուհի Էլբակյանը:
Նա նշեց, որ բողոքը ներկայացնելու են Իշխան Բարսեղյանին արդարացնելու հիմքով:
Գործով մյուս ամբաստանյալ՝ կաշառքի միջնորդություն կատարելու մեջ մեղադրվող փաստաբան Էլզա Զաքարյանին դատարանը տուգանել է 120.000 դրամով:
Նշենք, որ մեղադրող Կարեն Բիշարյանը միջնորդել էր Բարսեղյանին դատապարտել 8 տարվա ազատազրկման, իսկ Էլզա Զաքարյանի նկատմամբ քրեական հետապնդումը վերացնել:
Իշխան Բարսեղյանին մեղադրանք է առաջադրվել ՀՀ քրեական օրենսգրքի 311-րդ հոդվածի 4-րդ մասի 3-րդ կետով՝ կաշառք ստանալը: Կաշառքի միջնորդություն կատարելու համար փաստաբան Էլզա Զաքարյանին էլ մեղադրանք է առաջադրվել ՀՀ քրեական օրենսգրքի 313-րդ հոդվածի 1-ին մասով՝ Կաշառքի միջնորդությունը: Իշխան Բարսեղյանի նկատմամբ որպես խափանման միջոց ընտրվել է կալանավորումը:
Նշենք, որ ըստ ԱԱԾ տարածած հաղորդագրության՝ քաղաքացիական գործով կողմի օգտին որոշում կայացնելու համար դատավորը պահանջել եւ Երեւանի հետիոտնային գետնանցումներից մեկում անձամբ ստացել է 1.000 ԱՄՆ դոլար գումար, որի փոխանցումն իրականացվել է Ազգային անվտանգության ծառայության աշխատակիցների օպերատիվ վերահսկողության ներքո:





























