Թուրքիայի հարաբերությունները Գերմանիայի հետ չափազանց բարդ են, Թուրքիան գրեթե բոլորի հետ չափազանց բարդ հարաբերություններ ունի։ Այս մասին այսօր՝ օգոստոսի 27-ին հրավիրված մամուլի ասուլիսին հայտարարել է Կովկասի ինստիտուտի տնօրեն, քաղաքագետ Ալեքսանդր Իսկանդարյանը՝ պատասխանելով հարցին, թե կարող է արդյոք Գերմանիայի կանցլեր Անգելա Մերկելի այցն ինչ-որ կերպ ազդել գերմանա–թուրքական հարաբերությունների վրա։
Քաղաքագետը մեջբերեց Թուրքիայի նախկին վարչապետ Ահմեդ Դավիթօղլուի հայտնի ձեւակերպումը. «Նրա «զրո խնդիր հարեւաննների հետ»–ը վերածվեց «զրո հարեւան, ոչ մի խնդրի» եւ ոչ միայն հարեւանների հետ»։
Սրա հետ մեկտեղ, փորձագետը նշեց, որ Թուրքիան որոշակի արժեք է ներկայացնում արեւմտյան աշխարհի համար եւ Անկարային՝ որպես գործընկեր դժվար կլինի փոխարինել ինչ–որ ուրիշ երկրով։ Սա, քաղաքագետի խոսքով, կապված է ամենից առաջ նրա աշխարհաքաղաքական դիրքի եւ մերձավորարեւելյան տարածաշրջանին մոտիկության հետ։
Բացի այդ, Իսկանդարյանի խոսքով՝ Գերմանիան բավականին շատ է կախված Թուրքիայից դեպի Եվրոպա՝ այդ թվում՝ Գերմանիա անօրինական միգրացիան կանխելու հարցում։
Քիչ նշանակություն չունի նաեւ Գերմանիայում եղած թուրքական համայնքը, որը բավականին բազմամարդ է։
«Թուրքիայի մոտ դժգոհություն առկա է, սակայն կրկնում եմ, նա նրանց համար արժեքավոր է»,–եզրափակեց նա։





























