Տարվա վերջին Սեւանում բացասական բալանսը կարող է կազմել 3-4 սանտիմետր։ Այսպիսի տեսակետ հայտնեց Նալբանդյանի անվան քիմիական ֆիզիկայի ինստիտուտի ավագ գիտաշխատող, փորձագետ Սեյրան Մինասյանը օգոստոսի 27-ին հրավիրված մամուլի ասուլիսին։
Փորձագետը շեշտեց՝ վերջին 6 տարում լճի բացասական բալանս է նկատվել 3 անգամ՝ 2012-ին, 2014-ին, 2017–ին։ Այսպես նախորդ տարի բացասական բալանսը կազմել է 4 սանտիմետր։ Մինասյանը կարծիք հայտնեց, որ նման իրավիճակ կստեղծվի նաեւ այս տարի, եթե հաշվի առնենք նախատեսվող 40 միլիոն խորանարդ մետր լրացուցիչ ջրառը։ Ինչպես նախորդ տարի, դա բացատրվում է ոռոգման ջրի պակասով, սակայն իրականում այստեղ բացասական դեր են խաղում ՀԷԿ–երը, որոնց աշխատանքի համար օգտագործվում է ջրամբարների ջուրը։
Օրինակ՝ Մարմարիկի ջրամբարից մարտի 3-14-ը ջուր են բաց թողել, երբ ոչ մի հողատարածքի ոռոգման մասին խոսք լինել չի կարող։
Արդյունքում տարեցտարի նկատվում է ջրամբարներում ջրի պակաս, նույնիսկ ջրի կուտակման համար բարենպաստ պայմաններում։ Ինչպես նշեց Մինասյանը, ոռոգման ջրի նման գերծախսը սարսափելի մասշտաբներով է իրականացվում։
«Այս ամենը կազմակերպված սաբոտաժ է պետական շահերի դեմ՝ ընդհանուր առմամբ եւ գյուղատնտեսության դեմ՝ մասնավորապես»,–շեշտել է նա։ Փորձագետը պատահական չի համարել այն հանգամանքը, որ եթե 2002-2012 թթ.–ին Սեւանի մակարդակը բարձրացել է 3.5 մետրով, ապա 2012–ից առ այսօր՝ ընդամենը 25 սանտիմետրով։ Լճի մակարդակի ավելացման նման նվազագույն տեմպերը հանդիսանում են նեղ բիզնես շահերի պաշտպանության արդյունք։ «Այս գործընթացը իրականացվում է Ջրպետկոմի եւ Սեւանա լճի պահպանության փորձագիտական հանձնաժողովի (Հայաստանի գիտությունների ազգային ակադեմիա) ձեռքով»,–հայտարարեց նա։
Մինասյանը նաեւ ուշադրություն դարձրեց այն հանգամանքին, որ Արփա—Սեւան թունելի անվերջ վերանորոգման աշխատանքների պատճառով լիճ է թափվում ջրի հայտարարված ծավալից քիչ՝ 110-120 մլն խորանարդ մետր 240-250 մլն խորանարդ մետրի փոխարեն։ Չնայած սրան, օրենքով նախպատեսված 170 մլն խորանարդ մետրը չի վերանայվում։ Ներկա պայմաններում ջրառը չպետք է գերազանցի 80-90 մլն խորանարդ մետրը։ Մշտական տատանումների արդյունքում վատթարացել է ջրի որակն ու սկսել են ճահճացման գործընթացներ, որի մասին է վկայում ջրիմուռների անոմալ ծավալներով ավելացումը։





























