Գարեգին Երկրորդ Ամենայն Հայոց Կաթողիկոսն այսօր՝ օգոստոսի 27-ին, Մայր Աթոռ Սուրբ Էջմիածնում ընդունել է ՀՀ ԶՈՒ հինգ զինծառայողների, որոնց վերջույթների պրոթեզավորումը Մայր Աթոռ Սուրբ Էջմիածնի եւ Կալկաթայի Ս. Նազարեթ հայկական եկեղեցու վարչության աջակցությամբ կազմակերպվել էր Հնդկաստանում:
Մայր Աթոռից NEWS.am-ին հայտնում են, որ հանդիպմանը ՀՀ ԶՈՒ հոգեւոր առաջնորդ Գերաշնորհ Տ. Վրթանես եպիսկոպոս Աբրահամյանը Վեհափառ Հայրապետին տեղեկացրեց, որ զինվորականները ստացել են անհրաժեշտ բուժումը եւ վերադարձել հայրենիք՝ պատրաստակամորեն շարունակելու իրենց ծառայությունն ազգին եւ հայրենիքին: Սրբազանը նաեւ հավելեց, որ վիրավոր զինվորներին Մայր Աթոռի կողմից ցուցաբերվող աջակցության այս ծրագրի շրջանակներում տարվա ընթացքում նախատեսված է պրոթեզավորել տասնվեց զինվորականի:
Երիտասարդ սպաներն ու զինվորները խորին շնորհակալություն հայտնեցին Ամենայն Հայոց Կաթողիկոսին իրենց բուժումը Հնդկաստանում կազմակերպելու համար՝ ընդգծելով, որ իրենց առավել ուժ եւ զորություն է հաղորդում այն իրողությունը, որ Հայոց Եկեղեցին հայ զինվորականի կողքին է իր աջակցությամբ: Նրանք մասնավոր գոհունակությամբ նաեւ հաստատեցին իրենց նկատմամբ Կալկաթայի Հայոց Մարդասիրական ճեմարանում դրսեւորված ջերմ հյուրընկալությունը:
Այնուհետեւ Նորին Սրբությունը, իր օրհնությունը բերելով հայրենյաց պաշտպաններին, հետաքրքրվեց նրանց առողջական վիճակով եւ բուժման արդյունավետությամբ:
«Մենք մեր խոնարհումն ենք բերում ձեզ եւ մեր Հայոց բանակի զինվորներին: Ազգը սիրում եւ գնահատում է իր զինվորներին եւ պատրաստ է ամեն հանձնառության հանուն ձեզ եւ Հայոց բանակի», - ասաց Ամենայն Հայոց Կաթողիկոսը` արձանագրելով, որ ցուցաբերվող զորակցությունը նվազագույնն է, որ Մայր Աթոռը կարող է անել հայրենիքի եւ հայ ժողովրդի հանդեպ նվիրական պարտքը կատարելու ժամանակ ծանր վիրավորում ստացած զինվորականների համար:
Հայոց Հայրապետն ընդգծեց, որ հպարտ է նման արի զավակներով, ովքեր պատրաստ են իրենց կյանքը զոհաբերել հանուն հայրենիքի: Իր շնորհակալությունը հայտնելով հայորդիներին իրենց քաջարի ոգու եւ հայրենասիրության համար` Նորին Սրբությունը հավաստիացրեց, որ Մայր Աթոռը պիտի շարունակի իր օգտակարությունը բերել մարտական գործողություններում վիրավորում ստացած զինվորներին:
Վերջում Ամենայն Հայոց Կաթողիկոսն օրհնեց զինվորներին, նաեւ աղոթեց, որ որեւէ հայորդի հարկադրված չլինի իր կյանքը վտանգել հայրենիքի խաղաղ ու անվտանգ կյանքի համար:





























