ՀՀ քննչական կոմիտեի Գեղարքունիքի մարզային քննչական վարչությունում քննություն է տարվում՝ պարզելու Մարտունի քաղաքի թիվ 2 հիմնական դպրոցի տնօրեն Նաիրի Մովսիսյանի մահվան հանգամանքները։
ՀՀ Քննչական կոմիտեից NEWS.am-ին հայտնում են, որ նախնական տվյալներով՝ օգոստոսի 26-ին Մարտունու հրշեջ փրկարարական ջոկատն ահազանգ է ստացել, որ Մարտունի քաղաքի թիվ N բնակարանի դուռը փակ է, եւ չեն կարողանում բացել։
Փրկարարները տեխնիկական միջոցների գործադրմամբ բացել են դուռը եւ ներս մտել բնակարան, որտեղ ննջարանների նախասրահի առաստաղի մոտով անցնող երկաթյա խողովակից կախված վիճակում հայտնաբերել են նույն հասցեի բնակիչ Նաիրի Մովսիսյանի դին՝ ծնված 1980 թ.։ Վերջինս աշխատում էր Մարտունու թիվ 2-րդ հիմնական դպրոցում՝ որպես տնօրեն, ամուսնացած է, խնամքին ուներ 2 անչափահաս երեխա:
Գեղարքունիքի մարզային քննչական վարչությունում քննություն է տարվում՝ պարզելու Նաիրի Մովսիսյանի մահվան հանգամանքները, նշանակվել է դատաբժշկական փորձաքննություն։





























