Միջազգային քրեական դատարանը երկրորդ բողոքն է ստացել Ֆիլիպինների նախագահ Ռոդրիգո Դուտերտեի դեմ՝ թմրանյութերի վաճառքի դեմ հայտարարած իր պատերազմի հետ կապված: Ակտիվիստներն ու այս պատերազմի 8 զոհերի ընտանիքները Դուտերտեին մեղադրում են սպանության եւ մարդկության դեմ հանցագործությունների համար, հայտնում է Reuters-ը: 50 էջանոց բողոքը կոչ է պարունակում մեղադրել Դուտերտեին հազարավոր արտադատարանական սպանությունների կապակցությամբ:

Ավելի վաղ ֆիլիպինցի փաստաբանների կողմից նման բողոք էր ներկայացվել ՄՔԴ, որ հիման վրա դատարանը փորձաքննություն է սկսել: Ինքը՝ Դուերտեն, պնդում է, որ կարգադրել է ոստիկանությանը սպանել միայն ոստիկանների կյանքի՝ վտանգված լինելու դեպքում: Ոստիկանությունը պնդում է, որ այս ժամանակահատվածում սպանված ավելի քան 4 400 մարդ զբաղվում էր թմրանյութերի վաճառքով: