«Ելք» խմբակցության պատգամավոր Ալեն Սիմոնյանը ԱԺ–ում՝ Սեւանից հավելյալ 40 մլն խմ ջրառի մասին օրինագծի քննարկման ժամանակ, անդրադարձավ ՀՀԿ պատգամավորների քննադատություններին։ Նա նկատեց, որ ՀՀԿ գործընկերները կարմիր թելով ասում էին, թե նոր կառավարությունը կրկնում է այն, ինչ նախորդներն արել են, թեեւ նախկինում քննադատում էին։
«Ոչ, այդպես չէ։ Խնդիրը այն է, որ այն ավերված վիճակում եք թողել երկիրը, որ ստիպված ենք որոշ հարցերում ինչ–որ չափով կրկնել»,- ասաց «Ելք»–ի պատգամավորը։
Դահլիճում սկսված աժիոտաժին Ալեն Սիմոնյանը արձագանքեց. «Հանգիստ–հանգիստ։ Պարոն Աշոտյան, էդ չինական դպրոցի հետ կապված, որ ասում էինք՝ համակագիչ բաժանենք, կարող ա հիմա էլ ասեք՝ ես էի սկսել էդ համակարգիչները բաժանել. այս նույն տրամաբանության է ամեն ինչ»,-ասաց նա:
Հիշեցնենք, որ ԱԺ–ը առաջին ընթերցմամբ ընդունեց «Սեւանա լճի էկոհամակարգի վերականգնման, պահպանման, վերարտադրման եւ օգտագործման միջոցառումների տարեկան ու համալիր ծրագրերը հաստատելու մասին» օրինագիծը։





























