Եթե ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանը որոշի արտահերթ խորհրդարանական ընտրություններ անցկացնել, նա ստիպված կլինի ճնշում գործադրել պատգամավորների վրա՝ գործարկելով Ազգային անվտանգության ծառայությունը: Այս մասին օգոստոսի 29-ին լրագրողների հետ հանդիպման ժամանակ ասաց Հայաստանի Քրիստոնեա-դեմոկրատական կուսակցության անդամ Արամ Հարությունյանը:

Նման վարքագիծը, ըստ Հարությունյանի, արձագանք կառաջացնի պատգամավորներից եւ հայ հասարակության շրջանում: «Մտածել, որ բոլոր հարցերը որոշվելու են հրապարակում եւ որ հրապարակը կլուծի Ռոբերտ Քոչարյանի ապագան, ճիշտ չէ. ես այդպես չեմ կարծում», - ասաց Հարությունյանը:

Ընդ որում, նա նշեց, որ օգոստոսի 17-ին կայացած հանրահավաքին զգալիորեն ավելի քիչ մարդ է հավաքվել, քան հեղափոխության օրերին: Հարությունյանը համոզված է, որ շատ մարդիկ եկել էին հրապարակում միայն երգիչներ Թաթա Սիմոնյանին եւ Արմենչիկին լսելու համար, որոնք շատ սիրված են բնակչության որոշակի հատվածի շրջանում:

Հարությունյանն ընդգծեց, որ ՀՀ գործող վարչապետ Նիկոլ Փաշինյանի հիմնական քաղաքական մրցակիցը խորհրդարանում կլինի ՀՀ երկրորդ նախագահ Ռոբերտ Քոչարյանը: Բացի այդ, Հայաստանի Քրիստոնեա-դեմոկրատական կուսակցության անդամը կարծում է, որ Փաշինյանին չի հաջողվի մեկ տարուց ավելի շուտ արտահերթ խորհրդարանական ընտրություններ անցկացնել:

«Լուկաշենկոյի հայտարարություններից հետո ակնհայտ է դառնում, որ մենք լուրջ խնդիրներ կունենանք, քանի որ Բելառուսը Եվրասիական տնտեսական միությունում երկրորդ երկիրն է համարվում՝ Ռուսաստանից հետո: Վստահության խնդիր կա, եւ որպես գործընկեր՝ մերոնք իրենց սխալ են պահում», - ասաց Հարությունյանը:

Գնահատելով ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանի ելույթը գոստոսի 17-ին Հանրապետության հրապարակում կայացած հանրահավաքի ժամանակ՝ Հարությունյանը նշեց, որ այն ոչ ադեկվատ էր, քանի որ ավելի շատ նախկին նախագահ Ռոբերտ Քոչարյանի դեմ պայքարի էր նման:

Նրա խոսքով՝ դա կապված էր Վերաքննիչ դատարանի՝ Ռոբերտ Քոչարյանին ազատ արձակելու մասին որոշմամբ եւ ավելի ուշ «Երկիր մեդիա» հեռուստաալիքին տված հարցազրույցով:

«Նիկոլ Փաշինյանը, ըստ էության, այլ ելք չգտնելով, կորցնելով կապը խորհրդարանի հետ եւ չկառավարելով իրավիճակը, գտավ միակ ելքը՝ հրապարակից ճնշման միջոցով հասնել ցանկալի որոշումներին»,- պարզաբանեց Հարությունյանը

Ընդ որում, ըստ Հարությունյանի, Փաշինյանը շփոթում է «ժողովուրդ» եւ «հրապարակում հավաքված զանգված» հասկացությունները՝ փորձելով անսահմանափակ իշխանության հասնել: Ըստ Քրիստոնեա-դեմոկրատական կուսակցության անդամի՝ շատերին սկզբում թվում էր, որ Նիկոլ Փաշինյանը հավատարիմ է ժողովրդավարական արժեքներին եւ իսկապես պայքարում է «սիրո եւ համերաշխության» համար, սակայն պարզվեց, որ իր կողմից հանրահավաքների ընթացքում առաջադրված թեզերը, ըստ էության, խոսում են հակառակի մասին:

«Ես նկատի ունեմ բազմակարծության եւ ազատ արտահայտվելու իրավունքի մասին նրա հայտարարությունները: Իսկ արդյունքում մենք ստացանք՝ «մտածեք, հետո խոսեք. հակառակ դեպքում ձեզնով կզբաղվի Ազգային անվտանգության ծառայությունը»: Սա ինքնին կարող է վատ հետեւանքներ ունենալ Հայաստանի համար», - եզրափակեց Հարությունյանը: