ՀՀ էներգետիկ ենթակառուցվածքների եւ բնական պաշարների նախարարությունը կփորձի հնարավորինս շուտ լուծել Թեղուտի հանքավայրի խնդիրները: Այս մասին օգոստոսի 29-ի մամուլի ասուլիսի ժամանակ հայտնեց ՀՀ էներգետիկ ենթակառուցվածքների եւ բնական պաշարների նախարար Արթուր Գրիգորյանը՝ ամփոփելով իր գործունեության 100 օրը:
Նրա խոսքով՝ Հայաստանի կառավարությունը հատուկ ուշադրություն է դարձնում Թեղուտի հանքավայրին, քանի որ այստեղ ջրամբարի հետ կապված շինարարական ռիսկեր են բացահայտվել, որոնց պատճառը սխալ տեխնիկական եզրակացությունն է:
«Այս ռիսկերի ճիշտ գնահատման համար հանքավայրի շահագործումը ժամանակավորապես դադարեցվել է, սակայն իրավիճակը ցավալի է, քանի որ 800 աշխատող մնացել է առանց աշխատանքի»,- նշեց նախարարը:
Հիշեցնենք, որ փետրվարի սկզբին Vallex ընկերությունների խումբը հանդես էր եկել հայտարարությամբ այն մասին, որ Թեղուտի հանքավայրի շահագործումը ժամանակավորապես կդադարեցվի:
Թեղուտի պղնձամոլիբդենային հանքավայրի շահագործման ծրագիրը ՀՀ կառավարության կողմից հաստատվել էր 2007 թվականի նոյեմբերին: Թեղուտը պաշարների ծավալով երկրորդն է Հայաստանում՜ Քաջարանի պղնձամոլիբդենային հանքավայրից հետո:





























