Եթե Վաշինգտոնը պատժամիջոցներ կիրառի Ռուսաստանից Գերմանիա գազատարի կառուցման դեմ, նախագծի ներդրողներից մեկը՝ գերմանական Uniper կոնցեռնը, կարող է հրաժարվել մասնակցել նախագծին: Այս մասին Ֆրանկֆուրտում լրագրողների հետ զրույցում ասել է ընկերության ֆինանսական տնօրեն Քրիստոֆեր Դելբրյուկը, գրում է Finanznachrichten գործարար լուրերի պորտալը՝ վկայակոչելով Dow Jones News գործակալությունը:

Ներկայիս իրավիճակում Uniper-ը, ըստ նրա, «դեռ հույս ունի, որ բոլոր կողմերը խելքի կգան»: Գերմանական էներգետիկ կոնցեռնը եվրոպական այլ ընկերությունների (Engie-ի, OMV-ի, Royal Dutch Shell-ի եւ BASF Wintershall խմբի դուստր ընկերության) հետ միասին ներգրավված է գազատարի կառուցման գործին: Նրանք բոլորը երկարաժամկետ ֆինանսավորում են տրամադրում նախագծի ընդհանուր արժեքի 50 տոկոսի չափով. ընդհանուր առմամբ այդ գումարը 9.5 մլրդ եվրո է գնահատվում: Եվրոպական ընկերություններից յուրաքանչյուրի ներդրումը պետք է 950 մլն եվրո կազմի: Այժմ նախագծի մեջ, ինչպես նշում է Dow Jones News-ը, ավելի քան 4 մլրդ եվրո է ներդրվել: