Լոնդոնցիները երկինք են բաց թողել 9-մետրանոց փուչիկ՝ բրիտանական մայրաքաղաքի քաղաքապետ Սադիկ Հանի տեսքով, բողոքելով 2020 թվականին նրա վերընտրության դեմ, փոխանցում է «ՌԻԱ Նովոստի»-ն:  

Բողոքի ակցիան շաբաթ ընթանում է Լոնդոնի կենտրոնում Խորհրդարանական հրապարակում: Ակտիվիստները հանդես են գալիս Լոնդոնի քաղաքապետի վերընտրության դեմ, ինչպես նաեւ վերջին շրջանում մայրաքաղաքում աճող քարեականության:

«Մենք Սադիկ Հանին բաց ենք թողել դեղին լողազգեստով, Լոնդոնում հիմա ստեղծված իրավիճակին հանրության ուշադրությունը գրավելու համար: Ես կարծում եմ, որ նա պետք է հեռանա»,- ասել է Յեն անունով ակտիվիստներից մեկը:

Բողոքի մեկ այլ մասնակից Ջեյմսը նշել է, որ Լոնդոնի ներկայիս քաղաքապետի կառավարման օրոք հանցավորությունն աճել է, եւ այս ֆոնին ի հայտ է եկել իսլամաֆոբիան:

Բողոքի ակցիան հանդարտ է ընթանում. կարգին հետեւում են ոստիկանները եւ սեւ կոստյումներով մարդիկ: Ցուցարարների համար ելույթ է ունեցել պարային խումբ:

Քաղաքացիները քննարկում են քաղաքապետի աշխատանքը, եւ թե ինչպիսին կցանկանային տեսնել իրենց քաղաքը:

Դեղին լողազգեստը, որով հագցված է փուչիկը, ուղերձ է արգելքին, որը սահմանել էր Հանը հասարակական տրանսպորտում գովազդի տեղադրման համար: 2016 թվականին քաղաքապետը հանդես էր եկել լողազգեստով բարեկազմ աղջկա պատկերով եւ «Քո մարմինն արդյոք պատրա՞ստ է լողափային սեզոնին» գրությամբ գովազդի դեմ: Քաղաքապետի կարծիքով՝ այսպիսի գովազդը կարող էր կանանց նվաստացնել: