ԱՄՆ նախագահ Բարաք Օբամայի Ռուսաստան այցելության հիմնական նպատակը երկու երկրների հարաբերությունների կարգավորումն է լինելու։ Այս մասին NEWS.am-ի հետ զրույցում հուլիսի 6-ին ասել է Քաղաքացիական հասարակության եւ տարածաշրջանային զարգացման ինստիտուտի համակարգող Կարինե Խաթլամաջյանը։ Նրա կարծիքով, հանդիպման ընթացքում Օբաման եւ Մեդվեդեւը նաեւ կհամապատասխանեցնեն իրենց դիրքորոշումները տարածաշրջանային խնդիրներում, քանի որ «Ամերիկան երբեմն այնպիսի քայլեր է անում, որը չի բերում հարաբերությունների լավացման և Ռուսաստանը ստիպված է լինում համարժեք պատասխան տալ»։

«Բնականաբար Միացյալ Նահանգների եւ Ռուսաստանի ազգային շահերի շրջանակի մեջ է մտնում Հարավային Կովկասը»,- ասում է փորձագետը։ Խաթլամաջյանի խոսքերով, այն հույսերը, որը Արեւմուտքը կապել էր Վրաստանի հետ, չեն արդարացել, ուստի շատ փորձագետներ կարծում են, որ ԱՄՆ-ը եւ Եվրամիությունը կդիմեն Ադրբեջանին"։

Փորձագետն ասում է, որ ադրբեջանական ղեկավարությունը գիտակցում է, թե ինչպես է բարձրանում իրենց երկրի դերը տարածաշրջանում։

Խոսելով այն մասին, թե արդյոք հնարավոր է, որ Ռուսաստանի եւ Միացյալ Նահանգների նախագահների հանդիպմանը քննարկվի Երեւանի եւ Անկարայի հարաբերությունների կարգավորման խնդիրը, Խաթլամաջյանն ասաց. «Փաստը, որ թուրքերի „Ոչ մի պրոբլեմ հարևանների հետ“ կարգախոսով ծրագիրը ակնհայտ շինծու ձեւակերպում ունի, արդեն խոսում է նրա գովազդային բնույթի մասին։ Արեւմուտքի գլուխն առանց այդ էլ ցավում է միջազգային ֆինանսական խնդիրներից եւ նման նախաձեռնությունները Արեւմուտքին հնարավորություն են տալիս, թեկուզ ընդամենը պաշտոնապես, իր վրայից պատասխանատվության մի մասը գցել տարածաշրջանի երկրների վրա»։

«Այդ տեսանկյունից դիտարկելով՝ կարելի է ողջունել թուրքական դիվանագիտությանը։ Նման աչքի ընկնող կարգախոսները մեծ հաջողություն ունեն միջազգային ասպարեզում»,-ասաց Շուշան Խաթլամաջյանը՝ նշելով, որ եթե Թուրքիայի քաղաքականությունը չհամապատասխանի իր հռչակագրերին, Հայաստանը պետք է «հակակշիռ ստեղծի, որպեսզի միջազգային հանրության մոտ ստեղծվի տարածաշրջանում զարգացող իրադարձությունների իրական պատկերը»։