Օրերս Արցախում շահագործման են հանձնվել եւս երկու փոքր ՀԷԿ-եր: Այս մասին Facebook-ի իր էջում գրել է Արցախի նախկին վարչապետ Արայիկ Հարությունյանը:

Նա, մասնավորապես, նշել է.

«Օրեր առաջ Թրղե եւ Լեւ գետերի վրա, «Արցախհէկ» բաց բաժնետիրական ընկերության կողմից օտարերկրյա կապիտալի ներգրավմամբ, շահագործման են հանձնվել եւս երկու փոքր ՀԷԿ-եր, որոնք ավելի կամրապնդեն մեր հանրապետության էներգետիկ ինքնաբավությունը: Ավելին՝ կարծում եմ, որ ընթացիկ եւ նախատեսվող էներգետիկ նոր նախագծերի շնորհիվ գալիք տարիներին էլեկտրաէներգիայի արտադրությունը կգերազանցի մեր նախնական ակնկալիքները՝ բարձրացնելով Արցախի ռազմավարական անկախությունն արտաքին հաղորդակցություններից:

Վստահ եմ՝ կարիք չկա ներկայացնելու, թե ինչ ահռելի նշանակություն ունի էլեկտրաէներգիան մեր կենցաղում եւ սոցիալ-տնտեսական գործունեության մեջ, սակայն կան նաեւ ոչ ավանդական ուղղություններ, որտեղ էլեկտրաէներգիան կարող է մեծ կարեւորություն ունենալ: Օրինակ, հաշվի առնելով էլեկտրական շարժիչներով աշխատող տրանսպորտի ոլորտում աշխարհում տեղի ունեցող սրընթաց զարգացումները եւ մեր հանրապետությունում առկա էներգետիկ հնարավորությունները՝ ժամանակն է, որ այդ ուղղությամբ քայլեր ձեռնարկենք նաեւ մենք՝ ստեղծելով անհրաժեշտ ենթակառուցվածքներ եւ մեխանիզմներ: Որպես օրինակ նշեմ, որ Վրաստանի վարչապետ Մամուկա Բախտաձեն վերջերս էլեկտրամոբիլների ներկրումը խթանելու նպատակով հայտարարեց կոնկրետ քայլերի մասին՝ խոստանալով այն ազատել հարկերից եւ մաքսազերծումից: Եվրոպական շատ երկրներում եւս պատրաստվում են առաջիկա տասնամյակում հրաժարվել ավանդական շարժիչներով աշխատող տրանսպորտային միջոցներից, որոնց համեմատ էլեկտրամոբիլների շահագործումը էկոլոգիապես ավելի մաքուր է եւ քիչ ծախսատար:

Իսկ վերջում ավելացնեմ, որ Արցախում նախաձեռնությունը կյանքի կոչելու համար պատրաստվում եմ նախեւառաջ հանդես գալ սեփական օրինակով եւ ներկրել Արցախի առաջին էլեկտրամոբիլը, ինչպես նաեւ, որպես կուսակցության առաջնորդ, հարցը քննարկման առարկա դարձնել՝ ընդգրկելով այն մեր ծրագրային օրակարգում»: