Քութաիսի-Վարշավա չվերթ իրականացնող եւ Բուխարեստում արտահերթ վայրէջք կատարած WizzAir ավիաընկերության օդանավում ռումբի տեղադրման մասին հաղորդումն ուղարկվել էր ընտանեկան վեճի պատճառով, հայտնում է «Նովոստի-Գրուզիան»՝ վկայակոչելով Վրաստանի Օդանավակայանների միավորման հայտարարությունը:

W6 1576 չվերթ իրկանացնող 173 ուղեւորներով օդանավը Քութաիսիի օդանավակայանում օդ էր բարձրացել Թբիլիսիի ժամանակով 14:45-ին, իսկ 15:20-ին արտահերթ վայրէջք կատարել «Օտոպենի» օդանավակայանում: Պատճառը օդանավում տեղադրված ռումբի մասին հաղորդագրությունն էր, որը անհայտ կնոջից ստացել էր Քութաիսիի օդանավակայանը:

Բուխարեստի օդանավակայանում թռիչքուղի են ժամանել հրշեջներ, շտապ օգնության մեքենաներ եւ ականազերծողներ: Օդանավի եւ ուղեւորների ուղեբեռի ստուգումը տեւել է 5 ժամ: Արդեն երեկոյան Օդանավակայանների միավորումից հայտնել են, որ «ռումբի տեղակայման մասին տեղեկությունը կեղծ» էր:

«Ռուսթավի 2» հեռուստաալիքի տեղեկությունների համաձայն՝ Քութաիսիի օդանավակայան էր զանգահարել մի կին, ում փեսան օդանավում էր: Նա Վարաշավա էր ուղեւորվել իր ընկերների հետ, ինչի պատճառով կնոջ հետ վեճ էր ծագել: Ուղեւորի կնոջ մայրը ցանկացել էր խանգարել թռիչքը եւ այդ նպատակով կեղծ հաղորդագրություն էր ուղարկել:

Կնոջ ինքնությունն արդեն պարզել են: Վրաստանի ՆԳՆ-ն քննություն է կատարում:

«Օտոպենի» օդանավակայանում ստուգումն ավարտելուց հետո WizzAir ավիաընկերության օդանավը թռիչքը շարունակել է ըստ երթուղու: Վարշավայի օդանավակայանում օդանավը բոլոր 173 ուղեւորներով հանդերձ վայրէջք է կատարել կեսգիշերից հետո: