Սաուդյան Արաբիայի արտաքին գործերի նախարար Ադել ալ-Ջուբեյրը հայտարարել է, որ լրագրող Ջամալ Խաշոգջիի սպանության գործով միջազգային վրդովմունքը «հիստերիկ է» դարձել, հաղորդում է Sky News-ը:
Նախարարի խոսքով, քննադատները պետք է սպասեն սյունակագրի սպանության գործով Ռիադի ձեռնարկած հետաքննության ավարտին:
Հաղորդվում է, որ թագավորությունը հրաժարվել է Թուրքիային արտահանձնել լրագրողի սպանության մեջ կասկածվող անձանց:
Բահրեյնի համաժողովին լրագրողների հետ զրույցում Թագավորության արտաքին գործերի նախարարը նշել է, որ այդ մարդիկ սաուդցիներ են, ձերբակալվել են Սաուդյան Արաբիայում, հետաքննությունն ընթանում է Սաուդյան Արաբիայում, եւ նրանք պատասխանատվության կենթակվեն Սաուդյան Արաբիայում:
Նա նշել է, որ երբ թագավորությունը որոշել է հանցագործներին պատասխանատվության ենթակել լրագրողի մահվան միջազգային արձագանքը «բավականին հիստերիկ է դարձել»:
«Ցավոք, լրատվամիջոցներում, դեռ մինչ հետաքննության ավարտը Սաուդյան Արաբիայի մեղավորության թեմայով հիստերիա կա», - հավելել է նա:
Նախարարը նշել է, որ մարդիկ նման վստահությամբ մինչ հետաքննության ավարտը մեղադրել են Սաուդյան Արաբիային:
Ըստ նրա, թագավորությունը հասկանում է, որ պարոն Խաշոգջիի սպանությամբ «սխալ է թույլ տրվել», եւ դրա համար պատասխանատու մարդիկ «գերազանցել են իրենց լիազորությունները»:
Հիշեցնենք, որ սաուդցի հայտնի լրագրող Ջամալ Խաշոգջին, որը հայտնի էր Էր Ռիադի մասին քննադական հոդվածներով, հոկտեմբերի 2-ին Թուրքիայում Սաուդյան Արաբիայի հյուպատոսություն այցելելուց հետո անհետացել էր։ Հոկտեմբերի 20-ին սաուդյան իշխանությունները հայտնել էին, որ լրագրողը վիճաբանութկան հետեւանքով սպանվել էր հյուպատոսության շենքում: Սաուդյան Արաբիայում սպանության գործով ձերբակալվել է թագավորության 18 քաղաքացի, սաուդցի միապետը հրամանագիր է ստորագրել հետախուզության բարձրաստիճան պաշտոնյաների ազատման մասին:




























