Շաբաթ Ասիայում ամենամեծ գեյ շքերթին մասնակցելու համար տասնյակ հազարավոր մարդիկ դուրս են եկել Թայբեյի գլխավոր փողոցներ, հաղորդում է «ՌԻԱ Նովոստին»՝ հղում անելով Թայվանի կենտրոնական լրատվական գործակալությանը:
Գործակալությունը հաղորդում է, որ ակցիայի մասնակիցները ցանկանում են, որպեսզի ոչ ավանդական սեքսուալ կողմնորոշում ունեցող անձանց իրավունքների վերաբերյալ երկու հարց կարգավորվի, որոնք էլ ներառված են նոյեմբերի 24-ի հանրաքվեում:
Շաբաթ կեսօրին մոտ հազարավոր մարդիկ հավաքվել են կղզու վարչակազմի ղեկավարի նստավայրի մոտ, որտեղից էլ սկսվել է երթը:
Երթի մասնակիցների թվում են եղել նաեւ 17 արտասահմանյան դիվանագիտական ներկայացուցչությունների ներկայացուցիչներ՝ Ավստրիայից, Գերմանիայից, Ֆրանսիայից, Բելգիայից, Իտալիայից, Կանադայից եւ այլ երկրներից: Որոշ մասնակիցներ են հատուկ ժամանել են Թայվան շքերթին մասնակցելու համար:
Ակտիվիստները առաջիկա հանրաքվեին երկու հարց են ներկայացրել: Առաջին՝ արդյոք կղզու բնակիչները համաձայն են, որ քաղաքացիական իրավունքի նորմերը օգտագործվեն նույնասեռ զույգերի ամուսնությունների համար: Երկրորդ՝ հանրակրթական ծրագրում սեռերի հավասարության մասին պարտադիր դասընթացի ներառում, որն ընդգրկում է նաեւ միասեռականության վերաբերյալ դասախոսություններ:
Միասեռ միությունների օրինականացման վերաբերյալ բանավեճերը Թայվանում շարունակվում են 2003 թվականից, երբ այդ գաղափարը առաջարկվել էր կառավարության կողմից:
Ընդ որում միասեռ միությունների կողմնակից ակտիվիստները երկար տարիներ փորձում էին պաշտպանել իրենց շահերը եւ համապատասխան հարցումներ էին ներկայացնում դատական ատյաններ:
2017 թվականի մայիսին Թայվանի գերագույն դատավորների խորհուրդը նույնասեռ ամուսնությունների օրինականացման օգտին որոշում էր ընդունել: Խորհուրդը որոշել էր, որ Քաղաքացիական օրենսգրքի 972-րդ հոդվածն այն մասին, որ ամուսնությունը տղամարդու եւ կնոջ միջեւ միություն է, հակասում է Թայվանի Սահմանադրությանը: Համապատասխան որոշումն ընդունվել էր Սահմանադրական դատարանում լսումներից հետո:



























