Անցումային արդարադատության գործիքակազմը պայմանավորված է յուրաքանչյուր կոնկրետ դեպքի խնդիրներով: Այս մասին հոկտեմբերի 29-ին լրագրողների հետ հանդիպման ժամանակ ասաց Բարձրագույն դատական խորհրդի նախագահը, Սահմանադրական դատարանի նախկին նախագահ Գագիկ Հարությունյանը՝ պատասխանելով այն հարցին, թե ինչ է կարծում անցումային արդարադատություն ներդնելու վարչապետի նախաձեռնության մասին:

Ընդհանուր առմամբ, Գագիկ Հարությունյանը համարում է, որ նպատակահարմար չէ կարծիք հայտնել այն բանի մասին, ինչն առայժմ հստակ չէ, թե իրենից ինչ է ներկայացնելու: «Անցումային ժամանակաշրջանում նոր խնդիրներ են երեւան գալիս, որոնք սեփական գործիքակազմ են պահանջում»,- նշեց Հարությունյանը: Օրինակ բերելով եվրոպական երկրների փորձը՝ նա նշեց, որ Արեւմուտքում գլխավորը սահմանադրական պատասխանատվության մեծացումն է: Հարությունյանի խոսքով՝ կարեւոր չէ, թե ինչ անվանում կտրվի՝ անցումային արդարադատություն կամ խնդիրների լուծման գործիքակազմ, որոնք առաջանում են անցումային շրջանում, էությունը չի փոխվում, իսկ առաջացած խնդիրների լուծման մեթոդները պայմանավորված են դրանց բովանդակությամբ: Այսպես՝ Հայաստանի Սահմանադրությունը թույլ է տալիս մասնագիտացված դատարանների ստեղծում, եւ այդպիսին կարող են լինել կոռուպցիայի մասին գործերով դատարանները: «Դրանք կոչված են ոչ թե փոխարինել գործող դատական համակարգը, այլ այն լրացնել: Հետագայում երկու համակարգերը կարող են ինտեգրվել»,- նշեց Գագիկ Հարությունյանը: