Ջակարտայի մոտ ծովում կործանված ինդոնեզիական Lion Air ընկերության ինքնաթիռի բաքը վնասված է եղել։ Այս մասին հայտնել է Ինդոնեզիայի արտակարգ իրավիճակների կանխման գործակալության ներկայացուցիչը, փոխանցում է «ՌԻԱ Նովոստի»–ն։ «Վառելիքի բաքը կոտրված եւ վնասված է եղել, նրանից արտահոսք է եղել»,–հայտարարել է նա։ Միաժամանակ, չի հստակեցվում, թե երբ կարող էր պայթել տարան։
Lion Air բյուջետային ավիաընկերության Boeing 737 MAX օդանավը, որը կատարում էր Ջակարտայից Սումատրա կղզի չվերթը, Ինդոնեզիայի մայրաքաղաքի օդանավակայանում օդ էր բարձրացել տեղական ժամանակով 06.20-ին եւ ռադարներից անհետացել էր 06.33-ին: Արեւմտյան Ճավայի ափերի մոտ ծովում օդանավի խոշոր բեկորների առկայության մասին առաջին տեղեկությունները Ինդոնեզիայի արտակարգ իրավիճակների կանխման եւ աղետների հետեւանքների վերացման ազգային գործակալությունը ստացել է աղետի շրջանում գտնվող քաղաքացիական նավերի անձնակազմերից: Աղետի պահին օդանավում եղել է 181 մարդ, 2 օդաչու եւ անձնակազմի 6 անդամ:




























