Զոռբայությունը չպետք է տեղ ունենա Հայաստանի խորհրդարանում: Այս մասին հոկտեմբերի 29-ին ԱԺ արտահերթ նիստում Ընտրական օրենսգրքի բարեփոխումների փաթեթի քննարկման ժամանակ ասաց «Ծառուկյան» դաշինքի պատգամավոր Գեւորգ Պետրոսյանը:

Նա նշեց, որ թեկնածուների տարածքային ընտրացուցակները, ըստ էության, վերածվել են «սպառազինության մրցավազքի» բակային հեղինակությունների եւ ամենաբացահայտ «զոռբաների» միջեւ:

Պետրոսյանի դիրքորոշմանն աջակցեց նաեւ նրա կուսակից, ԱԺ փոխխոսնակ Միքայել Մելքումյանը: «Մենք հրաշալի հիշում ենք, որ 1995 թվականին 131 պատգամավորից կուսակցական ցուցակներով ընտրվել է ընդամենը 40 մարդ: Այն ժամանակ մտածում էին, թե քաղաքական համակարգը դեռեւս վերջնականապես չի ձեւավորվել, ուստի թող խորհրդարանը ներկայացնեն տեղերում մարդիկ: Իսկ հետո նրանց բաժինը սկսեց կրճատվել, մինչեւ 2017 թվականին չվերածվեց «տարածքային ընտրացուցակներով «քվոտայի»: Սակայն ստացվեց, որ նոր համակարգով խորհրդարան սկսեցին մտնել նախկին մարդիկ»,- պարզաբանեց Մելքումյանը:

ԱԺ փոխխոսնակի կարծիքով՝ այդպիսի պատգամավորների շարքերում գրեթե ոչ մեկը քաղաքականությամբ չի զբաղվել, քանի որ նրանցից ոչ մեկը խորհրդարանում ելույթ չի ունենում:

Հիշեցնենք, որ հոկտեմբերի 29-ին ԱԺ-ն հերթական անգամ հավանություն չտվեց Ընտրական օրենսգրքի բարեփոխումների փաթեթին: «Կողմ» է քվեարկել 62 պատգամավոր, «դեմ»՝ 2: Օրենքում կատարված լրացումներն ընդունելու համար անհրաժեշտ էր ձայների 3/5-ը՝ 63 ձայն: