Երեւանի  ավագանու «Լույս» դաշինքի ղեկավար Դավիթ Խաժակյանն առաջարկում է քաղաքապետի տեղակալների, խորհրդականների եւ օգնականների թիվը կրճատել։

«Նկատի ունեցեք, որ վարչապետն ունի 5 վճարովի խորհրդական, իսկ քաղաքապետն ունի 7 խորհրդական եւ մեկ գլխավոր խորհրդական, չեմ հաշվում խորհրդական–դիզայները։ Այդպիսի ճոխություն քաղաքն իրեն չի կարող թույլ տալ, ժամանակին ավանդույթի ուժով դա եկել է, հաստիքները չեն կրճատվել, բայց հիմա հո մենք կարող ենք այդ փոփոխությունն իրականացնել։ Անցանկալի է հիմա նշանակել քաղաքապետի տեղակալ, հետո էլ ասել, որ օպտիմիզացում է եղել եւ կրճատվում է, դրա համար մեր առաջարկը հանձնաժողովի նիստին հստակ էր՝ քաղաքապետի խորհրդականների թիվը դարձնել 2, օգնականների թիվն էլ դարձնել 3, այսինքն՝ 1 տեղակալ, 2 խորհրդական եւ 3 օգնական։ Եւ սա օդից վերցրած թվեր չեն, այս պաշտոնները բավարար են կառավարում իրականացնելու համար, ընդ որում մենք չենք խոսում աշխատանքի արդյունավետության մասին, մենք խոսում ենք միջնորդավորված կառավարման անհրաժեշտության մասին։ Մեր առաջարկով այս 6 հաստիքների բյուջեն կազմում է 2 միլիոն 53 հազար դրամ եւ եթե մենք դիտարկենք տարեկան կտրվածքով, մենք կարող ենք 150 հազար դրամով վարչության պետերի աշխատավարձերի բարձրացում ապահովել»,–ասաց Խաժակյանը։

Խաժակյանի կարծիքով՝ ճիշտ կլիներ այս փոփոխությունները հենց սկզբից  կատարել, որ քաղաքացին էլ տեսներ, որ քաղաքապետն առաջինը իրենից է սկսում։

Դավիթ Խաժակյանը եզրափակեց, որ իրենք դեմ են քվեարկելու այս նախագծին, ինչպես եւ նախորդ գումարման ավագանուն են դեմ քվեարկել այս նույն նախագծին։

Հայկ Մարությանն էլ արձագանքեց, որ լիովին համամիտ է Դավիթ Խաժակյանի արտահայտած մտքերին, եւ օր առաջ պետք է  օպտիմալացնել հաստիքացուցակը։