Տեխնիկական անսարքությունները, որոնց թվում են արագության սարքերի ցուցանիշները կործանումից մեկ օր առաջ հայտնաբերվել են Lion Air ավիաընկերության Boeing 737 ինքնաթիռում: Այս մասին երեքշաբթի հաղորդել է Ինդոնեզիայի Տրանսպորտի անվտանգության ապահովման կոմիտեի ղեկավարի տեղակալ Խարիո Սատմիկոն, հայտնում է ՏԱՍՍ-ը:

«Նախորդ թռիչքի ժամանակ տեխնիկական անսարքություններ են եղել, այդ թվում արագության կեղծ ինդիկացիա», - Reuters-ը մեջբերել է պաշտոնյայի խոսքը: Նրա խոսով հանգամանքները պարզվում են: Նա նաեւ հաղորդել է, որ հարցում են ուղարկել օդանավի եւ ցամաքային ծառայությունների հետ բանակցությունների ձայնագրությունները ստանալու համար:

Ավելի վաղ Lion Air ավիաընկերության գործադիր տնօրեն Էդվարդ Սիրաիտը խոստովանել էր ծագած տեխնիկական խնդիրը, որը ընթացակարգի համաձայն լուծվել է օդանավի նախորդ թռիչքի ժամանակ: Միեւնույն ժամանակ նա հրաժարվել էր նշել անսարքության բնույթը:

Երեքշաբթի Detik-ը հաղորդել էր, որ  «տեխնիկական անսարքությունն ավելի լուրջ է եղել, քան պնդում է Lion Air ավիաընկերության ղեկավարությունը»: Մասնավորապես, ըստ հրատարակության, խոսքը օդանավի հրամանատարի նավիգացիոն սարքերի ինդիկատորների վահանակի անսարքության մասին է: Հրահանգի համաձայն, անձնակազմը պարտավոր էր վերադառնալ օդանավակայան, իսկ դրա փոխարեն թռիչքը շարունակվել է:

Երկուշաբթի Lion Air ավիաընկերության Boeing 737 ինքնաթիռը կատարում էր JT610 Ջակարտայից Պանկալպինանգ չվերթը: Մայրաքաղաքի օդանավակայանից թռիչքից մոտավորապես 13 րոպե անց դեռ անհայտ պատճառներով այն ընկել էր Ճավայի ծով: Փրկարարները խոստովանել են, որ օդանավում գտնվող բոլոր 189 մարդիկ մահացել են: