Գերմանիայի Օլդենբուրգ քաղաքում ընթացող դատական նիստի ժամանակ 41-ամյա Նիլս Հեգելը խոստովանել է, որ Գերմանիայի հյուսիսում երկու հիվանդանոցներում սպանել է ավելի քան 100 հիվանդի:

Հեգելին կասկածում են, որ 1999 եւ 2005 թվականների միջեւ ընկած ժամանակահատվածում 36 հիվանդի է սպանել Օլդենբուրգում եւ եւս 64-ի՝ հարեւան Դելմենխորսթում:

Հեգելն արդեն բանտում ցմահ պատիժ է կրում սպանության համար, որի մեջ մեղավոր է ճանաչվել:

Եթե նախկին բուժեղբորը մեղավոր ճանաչեն մյուս սպանությունների համար, նա հետպատերազմական Գերմանիայում կդառնա ամենասարսափելի սերիական մարդասպանը, հայտնում է NEWSru.co.il-ը: 

Մարդասպան-բուժեղբոր մասին հայտնի էր դարձել 2005 թվականին: Նրա գործընկեր բուժքույրը հայտնաբերել էր, որ Հեգելը հիվանդներից մեկին դեղի մահացու չափ է ներարկում, որը, բարեբախտաբար, ողջ էր մնացել: Սակայն Հեգելը բողոքարկել էր եւ շարունակել աշխատել, մինչեւ գործը քննել էին ավելի բարձր ատյաններում: Կասկածյալին կալանել էին եւ 2009 թվականին 7,5 տարվա բանտարկության դատապարտել՝ սպանության մի քանի փորձի համար:

2015 թվականին մարդասպան-բուժեղբայրը ցմահ ազատազրկման էր դատապարտվել 2 սպանության եւ սպանության փորձերի շարքի համար: Սակայն դատավարության ժամանակ Հեգելն իր հոգեբույժին խոստովանել էր, որ սպանել է մոտ 30 մարդու: Դրանից հետո ոստիկանությունը նոր վարույթ էր հարուցել: Քննության հետ կապված ոստիկանությունը քննադատել էր Օլդենբուրգի եւ Դելմենխորսթի բժշկական կլինիկաների ղեկավարությանը, որը անտարբերություն է դրսեւորել մահացության բարձր մակարդակի հանդեպ եւ չի փորձել պարզել այդ երեւույթի պատճառները: