Գյուղնախարարության Սննդի անվտանգության պետական ծառայությունն արձագանքել է NEWS.am-ի հրապարակմանը՝ կապված «Հանրապետական անասնաբուժասանիտարական եւ բուսասանիտարական լաբորատոր ծառայությունների կենտրոն» ՊՈԱԿ-ի Արարատի, Արագածոտնի, Կոտայքի եւ Շիրակի մարզային համակարգողների նամակի հետ, որտեղ նրանք նշում են, որ կառույցում կադրային ջարդ է տեղի ունենում:

ՍԱՊԾ պարզաբանման մեջ մասնավորապես, ասվում է. «Ի պատասխան «Հանրապետական անասնաբուժասանիտարական եւ բուսասանիտարական լաբորատոր ծառայությունների կենտրոն» ՊՈԱԿ-ի Արարատի, Արագածոտնի, Կոտայքի եւ Շիրակի մարզային համակարգողների կողմից NEWS.am կայքին ուղղված նամակի, տեղեկացնում ենք, որ նամակում բերված փաստերը խեղաթյուրված են:

Նախ՝ հիշատակված անձինք այս պահին էլ շարունակում են պաշտոնավարել: Նրանք ընդամենը տեղեկացվել են, թե ինչ փոփոխություններ են սպասվում ՀԱԲԼԾԿ ՊՈԱԿ-ում, ինչ չափանիշների պետք է համապատասխանի մարզային կառույցի ղեկավարը, ինչպիսի կազմակերպչական ու մասնագիտական հմտությունների պետք է տիրապետի:

Նշենք, որ ՊՈԱԿ-ում նախատեսվում են կառուցվածքային փոփոխություններ՝ ՀՀ օրենսդրության համապատասխան («Պետական ոչ առեւտրային կազմակերպությունների մասին» ՀՀ օրենքի 17-րդ հոդված, «Հանրապետական անասնաբուժասանիտարական եւ  բուսասանիտարական լաբորատոր ծառայությունների կենտրոն» ՊՈԱԿ-ի կանոնադրություն), որոնց հիմնական նպատակը համակարգի առավել օպտիմալ կառավարումն ու կազմակերպությունը նեղ ոլորտային մասնագետներով համալրելն է: Մասնավորապես՝  փոփոխության են ենթարկվում նաեւ պաշտոնի անձնագրերը (նկարագիրը), որոնցում, ըստ անհրաժեշտության, հստակ առանձնացվելու են նեղ ոլորտային մասնագիտական կրթության պահանջները: 

Խնդիրն այն է, որ 2017 թվականի հունվարին նախկին ղեկավարության կողմից Լաբորատոր ծառայությունների կենտրոնում կրճատվել են մի շարք նեղ մասնագիտական հաստիքներ, ինչը ոչ ոլորտային մասնագետներով հաստիքների համալրման հնարավորություն է ստեղծել: Այս խիստ մասնագիտական ոլորտում նման մոտեցումը համարելով անընդունելի՝ այժմ որոշում է կայացվել մարզային կառույցների ղեկավարների հաստիքում նշանակել ոչ միայն կազմակերպչական ու կառավարման ունակություններ ունեցող անձանց (ինչը եւս համարում ենք շատ կարեւոր), այլեւ ոլորտային մասնագիտացում եւ փորձ ունեցողների (լաբորատոր հետազոտության առնվազն 5 տարվա փորձ ունեցող, հետազոտություններ իրականացնող անասնաբույժ, բժիշկ, ագրոնոմ):             

ՊՈԱԿ-ի վերոնշյալ մարզային համակարգողներին ծանուցագրերով առայժմ միայն տեղեկացվել է, թե ինչ չափանիշների պետք է համապատասխանի մարզային կառույցի ղեկավարը, սակայն իրենք, ամենայն հավանականությամբ, արդեն իսկ որոշել են, որ չեն համապատասխանում զբաղեցրած պաշտոններին եւ համարում են իրենց աշխատանքից ազատված:

Այն, որ «Հանրապետական անասնաբուժասանիտարական եւ բուսասանիտարական լաբորատոր ծառայությունների կենտրոն» ՊՈԱԿ-ի մարզային համակարգողը պետք է լինի ոլորտային մասնագետ, մեր սկզբունքային դիրքորոշումն է: