ՀՀ վարչապետի պաշտոնակատար Նիկոլ Փաշինյանը ճիշտ տարբերակ ընտրեց՝ երկրորդ անգամ առաջադրվելով վարչապետի թեկնածու։ Այս մասին այսօր՝ հոկտեմբերի 30-ին, լրագրողների հետ զրույցում ասաց ՀՀ ԱԺ «Ծառուկյան» խմբակցության պատգամավոր Նաիրա Զոհրաբյանը՝ անդրադառնալով ԱԺ–ում երկրորդ անգամ վարչապետի պաշտոնում Նիկոլ Փաշինյանին առաջադրելու մասին հարցին։

«Սահմանադրագետների միջեւ վեճ կար այն հարցի շուրջ, թե անհրաժեշտություն կա՞ վարչապետի թեկնածու առաջադրել առաջին եւ երկրորդ փուլերում, թե՞ ոչ։ Բայց քանի որ սահմանադրության մեջ հստակ ֆիքսված է «քվեարկություն» բառը, այսինքն՝ ենթադրվում էր առաջադրում, առաջին փուլում այդպես էր, երկրորդ փուլում կրկին սահմանադրագետները բաժանվել էին երկու հատվածի եւ գերակշռեց երկրորդ հատվածը, որը գտնում էր, որ պետք է առաջադրել, եւ այսօր 43 պատգամավորական ստորագրությամբ Նիկոլ Փաշինյանին առաջադրեցինք վարչապետի թեկնածու»։

Պատգամավորը շեշտեց՝ ստորագրությունների մեծամասնությունը «Ծառուկյան» դաշինքն է ապահովել։

Նա կարծիք հայտնեց, որ հետագայում խնդիրներից խուսափելու համատեքստում առաջադրումը ճիշտ էր. «Ես ինքս զրուցել եմ սահմանադրագետների հետ, որոնք պնդում էին, որ ֆորմալ ընթացակարգի պահանջով առաջադրում անպայման լինի եւ որպեսզի հետագայում որեւէ մեկը չփորձի վիճարկել այս պրոցեսի լեգիտիմությունը եւ սահմանադրականությունը, ճիշտ տարբերակ ընտրեց Նիկոլ Փաշինյանը՝ 2-րդ անգամ առաջադրվելով վարչապետի թեկնածու»,–համոզմունք հայտնեց նա։

Զոհրաբյանը հավաստիացրեց նաեւ, որ «Ծառուկյան» դաշինքը, հավատարիմ մնալով ձեռքբերված պայմանավորվածությանը, չի քվեարկի Նիկոլ Փաշինյանի օգտին՝ «հնարավորություն տալով, որ ԱԺ–ն իրավունքի ուժով լուծարվի եւ միանա արտահերթ խորհրդարանական ընտրությունների ժամացույցը»։

Նշենք, որ Ազգային ժողովի պատգամավորների 1/3-ն այսօր՝ հոկտեմբերի 30–ին, վարչապետի պաշտոնակատար Նիկոլ Փաշինյանին առաջադրել է վարչապետի թեկնածու:

Ստորագրահավաքին միացել են 43 պատգամավորներ, այդ թվում «ԵԼՔ-ի, «Ծառուկյան» խմբակցության և ՀՀԿ-ի քաղաքական թիմից հեռացած 4 պատգամավորները՝ Արսեն Միխայլովը, Կնյազ Հասանովը, Տաճատ Վարդապետյանն ու Շիրակ Թորոսյանը։

Հիշեցնենք, որ Նիկոլ Փաշինյանը վարչապետի պաշտոնից հրաժարական է տվել հոկտեմբերի 16-ին: Հոկտեմբերի 24-ին Ազգային ժողովում տեղի է ունեցել վարչապետի ընտրության առաջին փուլը, որտեղ վարչապետ չի ընտրվել: Ամենայն հավանականությամբ, ԱԺ արտահերթ ընտրությունները տեղի կունենան դեկտեմբերի 9-ին՝ կիրակի: