Ինդոնեզիայի զինված ուժերի ղեկավար Խադի Տյաջանտոն հայտարարել է, որ հավանաբար, գտնվել է երկրի ափերի մոտ կործանված օդանավի ֆյուզելյաժը: Այս մասին հայտնում է ավստրալական The Mercury պարբերականը:
Նրա խոսքով՝ բեկորը հայտնաբերել են Ճավայան ծովում որոնողա-փրկարարական աշխատանքների ժամանակ:
Ողբերգությունը տեղի էր ունեցել երկուշաբթի: Արեւմտյան Ճավայի ափերի մոտ կործանվել էր Lion Air ավիաընկերության Boeing 737 Max օդանավը, որը կատարում էր Ջակարտայից Սումատրա չվերթը: Օդանավում եղած 189 մարդուց ոչ մեկը ողջ չէր մնացել:
Սա չորրորդ սերնդի Boeing 737 MAX օդանավերի առաջին կործանումն է, որի մատակարարումները պատվիրատուներին սկսվել էին անցյալ տարվա մայիսից: Օդանավը վարել են փորձառու օդաչուներ:
Նախօրեին փրկարարները հայտնաբերել էին օդանավի բեկորներ եւ ուղեւորների մասունքներ: Փրկարար ջոկատները աշխատանքների շրջանն ընդարձակել են: Այսօր այնտեղ կուղարկեն նոր մասնագետների:



























