Հարավային Աֆրիկայում զբոսաշրջիկները հաճախ են լուսանկարվում կորյունների հետ, որպեսզի այդ լուսանկարներով պարծենան համացանցում: Նրանք չեն մտահոգվում, թե ինչ է պատահում կենդանիների հետ «ֆոտոգենիկ» տարիքից անցնելուց հետո: Գազաններին անազատության մեջ են պահում, իսկ այնուհետեւ նրանց հաճախ գնդակահարում են, այսպես կոչված, «պահածոյացված որսի» ժամանակ, հայտնում է The Sun-ը:

Հազարավոր զբոսաշրջիկներ են մեկնում Հարավային Աֆրիկա, որպեսզի լուսանկարվեն համակրելի կորյունների հետ, նրանց շոյեն կամ գրկեն: Մարդիկ կարծում են, թե այդ գործողությունները ձագուկին ուրախություն են պատճառում, որն առանց մոր է մնացել եւ խնամքի կարիք ունի: Հանգստացողների մեծ մասը համացանցում լուսանկար է տեղադրում եւ կատարում դժբախտ ձագի մասին սրտառուչ գրառում:

Հարավային Աֆրիկայում զբոսաշրջիկներին զվարճացնելու նպատակով ցեղային առյուծների բուծումը տարածված բիզնես է, նշում է պարբերականը: Այնտեղ կա 260 ֆերմա: Եվ եթե վայրի բնության մեջ էգ առյուծները, որպես կանոն, երկու տարին մեկ են սերունդ տալիս, ապա այս ֆերմաներում դա տեղի է ունենում վեց ամիսը մեկ: Զբոսաշրջիկները ընդամենը մի քանի դոլարով կարող են շոյել եւ կերակրել կորյուններին, որոնց մորից շատ վաղ են բաժանում: Կենդանիները լավ տեսք ունեն, խղճահարություն չեն առաջացնում, եւ մարդիկ կարծում են, որ եթե ձագը մեծանում է եւ հուզիչ լուսանկարների համար չափից ավելի «ծեր» դառնում, նրանց վերադարձնում են վայրի բնություն կամ վատագույն դեպքում՝ արգելոց:

Իրականում այս կենդանիների զգալի մասի կյանքն այլ կերպ է դասավորվում: Նրանք սպանվում են հարուստ որսորդների կողմից, որոնք խոշոր փողեր են վճարում առյուծ սպանելու հնարավորության համար:

Այս ատրակցիոնի դաժանության ամենազազրելի ձեւը «պահածոյացված որսն» է, երբ մարդկանց մեջ մեծացած առյուծներին մահվանն ընդառաջ են ուղարկում՝ փախուստի ոչ մի հնարավորություն չտալով: Առյուծներին տեղավորում են ոչ մեծ պարսպապատ վայրերում, որտեղից նրանք չեն կարող փախչել: Նրանց երբեմն հրապուրում են խայծով կամ ծակում տրանկվիլիզատորով, որ որսորդների համար նրանց սպանելը հեշտ լինի:

Արուի սպանության գինը կազմում է 20000-ից մինչեւ 38000 ֆունտ սթերլինգ, հայտնում է պարբերականը: Էգ առյուծին կարելի է սպանել 6 հազար ֆունտ սթերլինգով, իսկ որոշ դեպքերում առանձին վճարի դիմաց որսորդներին թույլ են տալիս գնդակահարել նաեւ նրանց ձագերին: