Բրազիլիայի ընտրված նախագահ Ժաիր Բոլսոնարուն, հավանաբար, ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփի օրինակին հետեւելով պատրաստ է պետության արտաքին քաղաքականության արմատական վերանայմանը, որով նա հաճախ հիացել է հրապարակայնորեն, հայտնում է Associated Press-ը:
AP-ի հետ զրուցած դիվանագետները, քաղաքագետները եւ նախկին պաշտոնյաները նախազգուշացնում են, որ Բոլսոնարուի արտաքին քաղաքականության արմատական փոփոխությունը վերջնարդյունքում կարող է պետությունը մեկուսացնել եւ Բրազիլիային վնասել:
Բրազիլիայի նոր առաջնորդը արդեն խոստացել է դուրս գալ Փարիզյան կլիմայի համաձայնագրից, Իսրայելում իր դեսպանատունը Թել Ավիվից Երուսաղեմ տեղափոխել, ինչպես նաեւ ավելի խիստ դիրքորոշում որդեգրել հարեւան պետության ղեկավար՝ Վենեսուելայի նախագահ Նիկոլաս Մադուրոյի նկատմամբ: Ավելի վաղ Բոլսոնարուն նաեւ Չինաստանին է հաճախ քննադատել, որը Բրազիլիայի խոշորագույն արտասահմանյան ներդրողն է:
Նախկինում այսպիսի արտաքին քաղաքական քայլեր էր ձեռնարկել ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփը: Այսպես՝ նա դուրս է եկել կլիմայի հարցով Փարիզյան համաձայնագրից, ինչպես նաեւ ԱՄՆ դեսպանատունը Թել Ավիվից տեղափոխել էր Երուսաղեմ:
Բացի Բոլսոնարուի կոշտ արտահայտություններից, վերլուծաբանները չեն փորձում մեկնաբանել, թե նա ինչպիսի կառավարություն կձեւավորի եւ նրա հաղթանակից հետո ինչ նշանակումներ կկատարվեն, նշված է հոդվածում:
Նշվում է, որ կլիմայի հարցով համաձայնագրից Բրազիլիայի դուրս գալու դեպքում երկրին կարող է սպառնալ միջազգային դատապարտումն ու ֆինանսական հետեւանքները, ներառյալ արտասահմանյան ներդրողներին կորցնելու վտանգը:




























