Պակիստանում արդեն երկրորդ օրն է շարունակվում են իսլամիստների զանգվածային բողոքի ակցիաները Գերագույն դատարանի որոշման դեմ, որի համաձայն քրիստոնյա Ասիա Բիբիի դեմ աստվածանարգության համար ընդունված մահապատիժը չեղյալ է հայտարարվել:

Կարաչիում եւ Լախորում «Թեխրիկ-է-Լաբաիկ Պակիստան» ծայրահեղ կրոնական կուսակցությունը արգելափակել է փողոցները եւ հրապարակները, հաղորդում է DW-ն՝ վկայակոչելով Պակիստանի լրատվամիջոցներին:

«Թեխրիկ-է-Լաբաիկ Պակիստան»-ը Գերագույն դատարանի դատավորների սպանության եւ բանակի դեմ ապստամբության կոչ է արել:

«Մենք կտանք մեր կյանքը, բայց երբեք չենք հանձնվի», -խոստացել է կուսակցության ղեկավար, արմատական քարոզիչ Խադիմ Ռիզվին:

Վախենալով զանգվածային անկարգություններից, իշխանությունները ամբողջ երկրում փակել են ուսումնական հաստատությունները, ուժեղացրել եկեղեցիների պահպանությունը, Լախորում անջատվել է բջջային կապը:

Պակիստանի վարչապետ Իմրան Խանը հոկտեմբերին ժողովրդին ուղղված ուղերձում կտրուկ քննադատել էր իսլամիստների բողոքները: Նա նշել է, որ Ասիայի արդարացնող դատավճիռը համապատասխանում է Սահմանադրության եւ Ղուրանի նորմերին, ընդգծելով, որ երկիրը չի կարող գործել, երբ դատավորների սպանության եւ բանակի ապստամբության կոչ են անում:

51-ամյա կաթոլիկ Ասիա Բիբին, ով 5 երեխաների մայր է, 2010-ից մահապատժի կատարման է սպասում, երբ նրան պաշտոնապես մեղավոր էին ճանաչել  Մուհամեդ մարգարեին վիրավորելու համար: Մեղադրանքները ներկայացվել էին 2009-ի հունիսին, երբ Բիբին մուսուլման կանանց հետ աշխատում էր դաշտում: Նրան խնդրել էին ջուր բերել, սակայն որոշ մուսուլման կանայք բողոքել էին, պնդելով, որ քրիստոնյայի հպումից սափորի ջուրը կարող է կեղտոտվել: Մի քանի օր հետո նրանք տեղական մոլլային բողոքել են Ասիայից եւ աստվածանարգության մեջ մեղադրել: