Կառավարության ծրագրում նշված է, որ հեղափոխությունից հետո դրական սպասումները վերածվելու են ներդրումների հոսքի: Այս մասին, այսօր՝ նոյեմբերի 1-ին, ԱԺ մշտական հանձնաժողովներում 2019 թվականի բյուջեի քննարկումների ժամանակ դիմելով Ֆինանսների նախարարի պաշտոնակատար Ատոմ Ջանջուղազյանին նշեց ՀՀԿ խմբակցության պատգամավոր Գագիկ Մինասյանը:
Նա, ամսավորապես, ասաց, որ այս տարվա առաջին կիսամյակում կապիտալ ներդրումներն աճել են 76 տոկոսով, տարեկան կտրվածքով կաճեն ընդամենը 37,2 տոկոսով, իսկ 2019-ին աճը կլինի 6,9 տոկոս. «Մասնավոր ներդրումների աճը 2018-ի առաջին կիսամյակում 86,9 տոկոս է, իսկ 2018-ի ողջ տարվա ընթացքում 52 տոկոս: Բաից այդ մասնավոր ներդրումների աճը 2019-ին կկազմի ընդամենը 3 տոկոս:
2017-ին ՀՆԱ աճը կազմել է 7,5 տոկոս, 2018-ի համար կանխատեսվում է 6,5 տոկոս, իսկ 2019-ի համար՝ 4,9 տոկոս»,-ասաց Գագիկ Մինասյանը՝ ի ցույց դնելով, որ ցուցանիշները գնալով վատանում են, թեեւ կառավարության ծրագրում այլ բան է գրված:
Ի պատասխան Ատոմ Ջանջուղազյանը նշեց, որ ամեն տարի էլ առաջին կիսամյակում ավելի լավ ցուցանիշներ են լինում, քան տարվերեջին արձանագրված ցուցանիշները. «Երկորդ, որեւէ իրադարձություն չի կարող չունենալ ժամանակային լագ: Ակնհայտ է, ցանկացած իրադարձության կամ փոփոխության ազդեցություն հենց այդ պահին չեք տեսնում»: Նա նաեւ հավելեց, որ Գագիկ Մինասյանը համադրում է ոչ համադրելի ցուցանիշներ:



























