Մենք կարծում ենք, որ 2050-ին Հայաստանի բնակչությունը կհասնի 5 միլիոնի: Այս մասին նոյեմբերի 24-ին մամուլի ասուլիսին ասել է տրանսպորտի, կապի եւ տեղեկատվական տեխնոլոգիաների նախարարի պաշտոնակատար Հակոբ Արշակյանը:
Արշակյանը նշեց, որ 90-ականների սկզբին բոլոր նախադրյալները կային «սինգապուրյան հրաշքը» կրկնելու համար, սակայն դժվար աշխարհաքաղաքական եւ տնտեսական իրավիճակի պատճառով դա տեղի չունեցավ եւ բնակչությունը սկսեց կրճատվել, մինչդեռ խորհրդային շրջանում՝ սկսած 1960-ականներից, այն կայուն բարձրանում էր:
«Մեր հիմնական խնդիրը երկրի տաղանդավոր հատվածի արտագաղթը կանգնեցնել է եւ հակառակ գործընթացն ապահովելը», - ասաց նա՝ հավելելով, որ երկրի զարգացումը նա տեսնում է բարձր տեխնոլոգիաների զարգացման, ռոբոտաշինության, բժշկության եւ ընդհանուր գիտատեխնիկական ոլորտում, քանի որ դա կայուն զարգացումն ապահովելու միակ միջոցն է: Սակայն դրա համար հարկավոր է արտասահմանյան ընկերությունների ներգրավել, այդ թվում եւ ամբողջ աշխարհում հայտնի խոշոր միջազգային ընկերությունների: Պաշտոնյան հավաստիացրեց, որ այդ աշխատանքն արդեն սկսվել է:
Հակոբ Արշակյանը խոստովանեց, որ ուսանողները հաճախ հետաքրքված չեն լինում իրենց հետագա ուսուցմամբ, այլ նախընտրում են արտասահման մեկնել՝ բարձր վարձատրվող աշխատանքի տեղավորվելով, որտեղ մի քանի անգամ ավելի բարձր են ստանում, քան բուհերում իրենց դասախոսները:
«Պետությունը պետք է հնարավորություն ունենա օգնել քաղաքացիներին, ովքեր ցանկանում են աշխատել Հայաստանում, եւ հատկապես եթե դա վերաբերում է բարձր տեխնոլոգիաների ոլորտին», - ընդգծեց նա` առանց նշելու, թե ինչպես է այս խնդիրը լուծվելու:
Հիշեցնենք, որ իր քաղաքական գործունեության մայրամուտին նախկին նախագահ Սերժ Սարգսյանը նույնպես նպատակ էր դրել Հայաստանի բնակչությունը հասցնել 4 միլիոնի:




























