Մայիսի 10-ին Կորեայի Հանրապետության ԱԳՆ-ում տեղի ունեցան Հայաստանի Հանրապետության և Կորեայի Հանրապետության արտաքին գերատեսչությունների միջև հերթական քաղաքական խորհրդակցությունները։ Այդ մասին NEWS.am –ին հայտնեցին ԱԳՆ մամուլի ծառայությունից:

Քաղաքական խորհրդակցությունները հայկական կողմից վարում էր ՀՀ ԱԳՆ Ասիայի, Օվկիանիայի և Աֆրիկայի երկրների վարչության պետ Արեգ Հովհաննիսյանը, իսկ կորեական կողմից՝ Կորեայի Հանրապետության ԱԳՆ Եվրոպայի հարցերի բյուրոյի գլխավոր տնօրեն Ջոնգ Գի Հոնգը։ Հայկական պատվիրակության կազմում էր նաև Կորեայի Հանրապետությունում ՀՀ դեսպան Հրանտ Պողոսյանը (նստավայրը՝ Տոկիո): Կողմերը քննարկեցին երկկողմ հարաբերություններին առնչվող հարցերի լայն շրջանակ, այդ թվում՝ երկկողմ փոխայցելությունների իրականացման հեռանկարները, տնտեսական համագործակցության ակտիվացման հրամայականը, իրավապայմանագրային դաշտի ընդլայնմանն ուղղված քայլերը, միջազգային կազմակերպություններում փոխգործակցությունը և այլն։ Քննարկվեցին նաև տարածաշրջանային զարգացումները: Կողմերը գոհունակությամբ նշեցին, որ մուտքի վիզայի ռեժիմի ազատականացումից հետո շեշտակի աճել է Կորեայի Հանրապետությունից Հայաստան այցելող զբոսաշրջիկների թիվը: