Հանրապետության նախագահ Արմեն Սարգսյանի հրավերով այսօր Հայաստան են ժամանել «Համաշխարհային առաջնորդության հիմնադրամ»-ի (Global Leadership Foundation) պատվիրակությունը, որի կազմում են 1989-92 թթ. ՄԱԿ-ում Միացյալ Նահանգների մշտական ներկայացուցիչ Թոմաս Փիքերինգը, Շվեյցարիայի նախկին նախագահ Միշելին Կալմի-Ռեյը, 2011-17 թթ. ՄԱԿ-ի գլխավոր քարտուղարի՝ խաղաղապահ առաքելությունների հարցով տեղակալ Հերվե Լադսուսը, ինչպես նաեւ հիմնադրամի նախագծերի տնօրեն Ամիթավ Բաներջին: Այս մասին հայտնում են նախագահի աշխատակազմից:
Այցի շրջանակում պատվիրակության անդամները կհանդիպեն Հանրապետության բարձրագույն ղեկավարության հետ, կայցելեն Մայր Աթոռ Սուրբ Էջմիածին, կլինեն Հայոց ցեղասպանության հուշահամալիրում:
«Համաշխարհային առաջնորդության հիմնադրամ»-ի բոլոր անդամները պետությունների կամ կառավարությունների նախկին ղեկավարներ, բարձրաստիճան պաշտոններ զբաղեցրած անձինք են: 2006-2013 թվականներին հիմնադրամի խորհրդի անդամ է եղել Արմեն Սարգսյանը:
Շահույթ չհետապնդող, անկախ այս կառույցը ողջ աշխարհում աջակցում է քաղաքական առաջնորդներին՝ նրանց համար հասանելի դարձնելով նախկին ղեկավարների փորձառությունը: 2004 թվականին հիմնադրումից ի վեր՝ «Համաշխարհային առաջնորդության հիմնադրամ»-ը խորհրդատվություն է մատուցել այնպիսի ոլորտներում, ինչպիսիք են տարածաշրջանային անվտանգությունը, անվտանգության ոլորտի արդիականացումը, ահաբեկչական կազմակերպություններին դիմակայումը եւ գերիների ազատ արձակումը, քաղաքական հաշտեցումն ու միջազգային համաձայնագրերի կիրառումը, ընտրություններն ու տնտեսական բարեփոխումները, առեւտուրն ու ռեսուրսների կառավարումը, ժողովրդավարական ինստիտուտների զարգացումը, հումանիտար օգնության հասանելիությունը, հակամարտությունների կառավարումը եւ այլն:
Կազմակերպության գործող անդամների շարքում են ՆԱՏՕ-ի նախկին գլխավոր քարտուղար Խավիեր Սոլանան, Ֆրանսիայի նախկին վարչապետ Ժան-Պիեր Ռաֆարենը, Առեւտրի համաշխարհային կազմակերպության նախկին գլխավոր տնօրեն Մայք Մուրը, Շվեդիայի նախկին վարչապետ եւ արտգործնախարար Կարլ Բիլդտը, ՄԱԿ-ի գլխավոր քարտուղարի նախկին առաջին տեղակալ Լուիզա Ֆրեշետը, Գանայի նախկին նախագահ Ջոն Կուֆուորը, ՄԱԿ-ում ԱՄՆ նախկին մշտական ներկայացուցիչ Դոնալդ ՄըքՀենրին, Իսպանիայի նախկին արտգործնախարար Անա Պալասիոն, Ավստրալիայի նախկին վարչապետ Քեւին Ռադը, Լատվիայի նախկին նախագահ Վայրա Վիկե-Ֆրեյբերգը եւ այլք:





























