Ղրղզստանի խորհրդարանը հինգշաբթի ձայների մեծամասնությամբ կողմ է քվեարկել նախկին նախագահ Ալմազբեկ Աթամբաեւին անձեռնմխելիությունից զրկելուն։ Այս մասին ՏԱՍՍ-ին տեղեկացրել են օրենսդիր մարմնի մամուլի ծառայությունում։
«Նախկին նախագահին անձեռնմխելիությունից զրկելու օգտին քվեարկել են անհրաժեշտ թվով պատգամավորներ, այդ որոշման ընդունումից հետո Աթամբաեւը կարող է քրեական պատասխանատվության ենթարկվել»,- ասել է մամուլի ծառայության աշխատակիցը։ Նրա խոսքով՝ կողմ է քվեարկել 120 պատգամավորից 106-ը։
Աթամբաեւի գործերի հետաքննությամբ այժմ պաշտոնապես զբաղվելու են հանրապետության իրավապահ մարմինները։ Այս մասին հինգշաբթի ասել է պետության նախկին նախագահին անձեռնմխելիությունից զրկելու հանձնաժողովի ղեկավար Կանիբեկ Իմանալիեւը։
«Խորհրդարանն իր աշխատանքն ավարտել է, հիմա հետագա գործողությունը իրավապահ մարմիններինն է»,- ասել է նա։ Նրա խոսքով՝ այս պահին «նախկին նախագահի իմունիտետը հանված է», եւ օրենքով նա արդեն կարող է քրեական պատասխանատվության ենթարկվել։ «Կարելի է ասել, որ խորհրդարանը լուծել է այս հարցի քաղաքական կողմը, իրավաբանական հարցերով կզբաղվեն իրավապահ կառույցները»,- նշել է Իմանալիեւը։ Նրա կարծիքով՝ նրա գլխավորած հանձնաժողովը հաջողությամբ է լուծել խնդիրը, քանի որ գլխավոր դատախազությունը ընդամենը մեկ եզրահանգման է դեմ եղել, որը վերաբերել է Աթամբաեւի կողմից «քաղաքական բռնաճնշումներին»։
Ավելի վաղ ղրղզական իրավապահ մարմինների ներկայացուցիչները քանիցս հայտարարել էին քրեական գործերի առկայության մասին երկրի նախկին նախագահի հանդեպ, որոնց հետաքննությունը չէին կարողանում սկսել Աթամբաեւի իմունիտետի պատճառով։ Խորհրդարանի այսօրվա որոշումից հետո քննությունն իրավունք ունի սկսելու այդ գործերի հետաքննությունը եւ միջնորդելու դատարանի առջեւ՝ նրա խափանման միջոցի՝ ընդհուպ մինչեւ ազատազրկում, ընտրելու համար։
Պատգամավորական հանձնաժողովի եզրահանգումների համաձայն՝ Աթամբաեւի ազգանունը պտտվում է օրենքի հինգ խախտումների վերաբերյալ գործերում։
Մասնավորապես, Ղրղզստանի նախկին նախագահը կասկածվում է հողակտորների վերապրոֆիլավորմանն աջակցելու, Բիշքեկի ՋԷԿ-ի վերակառուցման հարցում կոռուպցիայի, քրեական հեղինակություն Ազիզ Բաթուկաեւին կալանքից ազատելու, ինչպես նաեւ ՋԷԿ-ին ապօրինի ածխի մատակարարման եւ Կոյ-Թաշ գյուղում ապօրինաբար բնակելի տուն կառուցելու հարցերում։





























