Երեւանի փոխքաղաքապետ Վանո Վարդանյանի մոտ այսօր` մարտի 29-ին տեղի ունեցած աշխատանքային խորհրդակցության ժամանակ քննարկվել է «Օգնիր դպրոցիդ» էլեկտրոնային կայքի իրազեկման եւ տարածման խնդիրը:
Քաղաքապետարանի մամուլի ծառայությունից NEWS.am-ին հայտնում են, որ քննարկման ընթացքում կարեւորվել է ակտիվ համագործակցությունը պետական եւ համայնքային կառույցների, բարերարների, գործարարների, դեսպանատների, հայկական մեծ սփյուռքի հետ: Հանգանակություններն ու նվիրատվությունները կամավոր սկզբունքով են, օժանդակությունն` ուղղված, ինչպես հարազատ, այնպես էլ մայրաքաղաքի ցանկացած դպրոցի բարեկեցությանը:
Վանո Վարդանյանը նաեւ նկատել է, որ իրազեկման շրջանակում պետք է հատուկ շեշտադրել Երեւանի քաղաքապետի հանձնարարականը, համաձայն որի, բոլոր պատասխանատու կառույցները պետք է վերահսկեն կամավոր կատարված հանգանակություններից գոյացած միջոցների եւ դրանց տնօրինման թափանցիկության ապահովումը:
Քաղաքապետարանում կարծում են, որ այս կայքի ստեղծումը եւս մեկ քայլ է ուղղված դպրոցներում դրամահավաքության արատավոր երեւույթի մերժմանը, թեեւ ինքը նույնպես կարող է դրամահավաքության յուրօրինակ ձեւ դառնալ:
Այդ ծրագիրը ենթադրում է, որ տարբեր հայտնի մարդիկ, պաշտոնյաներ ու գործարարներ որոշակի օգնություն տրամադրեն սեփական դպրոցին:





























