Եվրոպական վիրտուալ աստղադիտարանը մարտի 21-24-ին Ֆրանսիայի Ստրասբուրգ քաղաքում վիրտուալ աստղագիտությամբ հետաքրքրված երիտասարդ աստղագետների համար դպրոց է կազմակերպել:

Հայկական եւ Եվրոպական վիրտուալ աստղադիտարանների համագործակցության շնորհիվ  30 այլ երիտասարդների հետ միասին այդ դպրոցին մասնակցել է նաեւ ԵՊՀ ֆիզիկայի ֆակուլտետի մագիստրատուրայի ուսանողուհի եւ Հայկական վիրտուալ աստղադիտարանի նախագծի անդամ Գոհար Հարությունյանը: Նրա խոսքով՝ դպրոցը հնարավորություն տվեց ավելի մոտիկից ծանոթանալ ժամանակակից աստղագիտության ծրագրերին, որոնք հնարավորություն են տալիս բազմաթիվ օբյեկտների հետ աշխատել։

Մենք հնարավորություն ունեցանք ոչ միայն սովորել այդ ծրագիրերի արդյունավետ կիրառումը, այլեւ մոտիկից ծանոթանալ ծրագրերը ստեղծողների հետ։ Այս մասին NEWS.am- Ինովացիայի թղթակցի հետ զրույցում ասաց Գ. Հարությունյանը՝ նշելով, որ ձեռք բերված գիտելիքները կարեւոր կլինեն հատկապես Հայկական վիրտուալ աստղադիտարանի նախագծի համար՝ Ակտիվ գալակտիկաների բազմաալիքային ուսումնասիրության համար, որը հեշտ է կատարվում հենց այդ ծրագրերի միջոցով։     

Նշենք, որ դպրոցին մասնակցում էին Մեծ Բրիտանիայից, Գերմանիայից, Ֆրանսիայից, Իտալիայից, Իսպանիայից, Ավստրիայից, Հունաստանից եւ այլ երկրներից երիտասարդ գիտնականներ: Ստրասբուրգի աստղադիտարանում է գտնվում աշխարհի աստղագիտական խոշորագույն տվյալների շտեմարաններից մեկը (CDS) եւ այնտեղ աշխատում են վիրտուալ աստղագիտության լավագույն մասնագետները, ովքեր էլ դպրոցի ընթացքում իրենց գիտելիքները փոխանցեցին երիտասարդներին: