Շիրակի մարզից վրացական համարանիշով 304 տրանսպորտային միջոցների վարորդների տրամադրվել են արտոնյալ վարկեր: Գործընթացն ավարտվել է մարտի 25-ին:

«Շիրակի մարզպետարանի քաղաքաշինության վարչություն դիմել են 400 եւ ավելի քաղաքացիներ, սակայն նրանցից միայն 304-ի հետ է արտոնյալ վարկ տրամադրելու պայամանագիր կնքվել: Մյուսները չեն համապատասխանել պահանջվող չափանիշներին: Մարտի 25-ից հետո էլ մեզ քաղաքացիներ դիմել են, բայց չենք վարկավորել, քանի որ ժամկետներն անցել են»,-NEWS.am-ի թղթակցի հետ զրույցում ասել է Շիրակի մարզպետարանի քաղաքաշինության վարչության տրանսպորտի եւ ճանապարհաշինության բաժնի պետ Խաչատուր Խնձրցյանը:

Նշենք, որ ծրագրի շրջանակում թվով 1516 քաղաքացիների ամբողջ հանրապետությունից տրամադրվել են բյուջետային վարկեր: Ֆինանսների նախարարության կողմից վարկային պայմանագրեր են կնքվել Երևան քաղաքի 150 բնակիչների հետ: Հանրապետության մարզերում ավելի մեծ թվով վարկառուներ են եղել: 606 վարկ է տրամադրվել Լոռիում, 375-ը` Տավուշի մարզում: Ծրագրի իրականացման համար պետական բյուջեից նախատեսված 1 մլրդ դրամից հատկացվել է շուրջ 935 մլն դրամ: Քաղաքացիներին վարկերը տրամադրվել են անտոկոս, վեցամսյա վերադարձման ժամկետով: