Երեւանի քաղաքապետ Կարեն Կարապետյանն այսօր` ապրիլի 1-ին հանդիպել է Դալմայի այգիների նախկին հողօգտագործողների հետ, լսել նրանց հուզող հարցերը, որոնք վերաբերում են  2004-2006 թթ. ընթացքում օտարման արդյունքում հողատարածքները ձեռք  բերած կառուցապատողների կողմից հատկացվող փոխհատուցումներին:

Քաղաքապետարանի մամուլի ծառայությունից NEWS.am-ին հայտնում են, որ ընդհանուր թվով 151 նախկին հողօգտագործողներից հարցը չի բավարարվել 48-ի դեպքում:

Խնդրին լուծում տալու նպատակով քաղաքապետի հանձնարարությամբ ստեղծվել է համապատասխան աշխատանքային խումբ, որը պարբերաբար հանդիպումներ կանցկացնի  կողմերի հետ եւ հսկողություն կիրականացնի գործընթացի հետ կապված: Բացի այդ պայմանավորվածություն է ձեռք բերվել կառուցապատողների հետ` սեղմ ժամկետներում փոխհատուցումները ապահովելու վերաբերյալ: