Պետեկամուտների կոմիտեի աշխատակիցների համատեղ իրականացված ստուգման արդյունքում,  Նորագավիթում գործող «Աղայան Գրուպ» արտադրամասում հայտնաբերվել է  շուրջ 3000 շիշ շշալցված եւ չդրոշմավորված օղի:

ՊԵԿ-ի մամուլի ծառայությունից NEWS.am-ին հայտնում են, որ պարզվել է, որ արտադրամասը շարունակել է գործունեությունն, այն դեպքում, երբ կոոպերատիվի  շշալացման լիցենզիայի ժամկետը լրացել էր դեռեւս 2009 թվականի սեպտեմբերին:   Հայտնաբերվել են նաեւ  կեղծ եւ ժամկետանց դրոշմանիշերով օղիներ:

Համատեղ միջոցառումների արդյունքում արտադրամասում նաեւ պակաս օղու քանակ է բացահայտվել:

Համաձայն Շենգավիթի հարկային տեսչություն ներկայացրած «Աղայան Գրուպ» կոոպերատիվի տեղեկությունների, արտադրամասում պետք է  լիներ  շուրջ 5000 շիշ դրոշմավորված օղի: Մինչդեռ ստուգումների պահին,  պարզվել է, որ  առկա է ընդամենը 1860-ը: Պակաս օղու քանակի վերաբերյալ, սակայն, օպերատիվ հետախուզության վարչության Շենգավիթի բաժնի աշխատակիցներին, կոոպերատիվի պաշտոնատար անձանց կողմից, այդպես էլ  որեւէ հիմնավոր  բացատրություն չի տրվել: Ստուգման արդյունքում հայտնաբերված խախտումների վերաբերյալ նյութերն ուղարկվել են  ՊԵԿ հետաքննչական վարչություն: